Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղում կայացավ պատանի երկրապահների համար անցկացվող ռազմահայրենասիրական հերթական դասընթացը

2014թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ պատանի երկրապահների համար անցկացվող ռազմահայրենասիրական հերթական դասընթացը, որին մասնակցում էր Իջևանի դպրոցների 94 աշակերտ:

Դասընթացի պատասխանատուն «Պատանի երկրապահ» ակումբի Տավուշի մարզային ջոկատի հրամանատարի տեղակալ Արման Չապուխյանն էր:

Պատանի երկրապահների համար մեկամսյա սերժանտական դասընթացները կազմակերպվում են` հիմք ունենալով ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը:

Դեկտեմբերի 16-ին նախատեսված էր «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն, որն անցկացրեց ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Պատանի երկրապահներին հղելով իր բարեմաղթանքները` Վ.Չոբանյանը ներկայացրեց ռազմական հոգեբանության նպատակներն ու խնդիրները:

Նա կոչ արեց միջոցառման մասնակիցներին չտրվել թշնամու քարոզչական կեղծ հնարքներին, որոնց նպատակը Հայաստանի հասարակությանն ահաբեկելն է, հոգեպես ընկճելն ու բարոյապես պարտության մատնելը, չթերագնահատել թշնամուն ու միշտ զգոն լինել, չգերագնահատել ու չվախենալ նրանից և, ամենակարևորը, սիրել հայ զինվորին, Հայոց բանակն ու պետությունը: