Иджеванский филиал Ереванского государственного университета

Մայր բուհի անդրանիկ ֆակուլտետները 95 տարեկան են

2014թ. սեպտեմբերի 10-ին համալսարանականների` Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ տրվեց ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ներկայացնելով ֆակուլտետի 95-ամյա անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները, նշեց. «Համալսարանի անդրանիկ ֆակուլտետները Պատմության ու Հայ բանասիրության ֆակուլտետներն էին, և հենց դրանցով էլ հիմք դրվեց Հայաստանում բարձրագույն կրթությանը: Ցանկանում եմ` մեր դասախոսներն ու ուսանողները հետագայում ևս շարունակեն պահպանել Մայր բուհի առաջնեկի ավանդույթները: Այսօր մենք պարտավոր ենք հիշել նաև մեր մեծերին, բոլոր այն երախտավորներին, որոնք բուհի հիմնադրման հարցում կարևոր առաքելություն են ունեցել: Հենց նրանց շնորհիվ էլ իրականացվել է համալսարանի գործունեության կազմակերպման ամբողջ գործընթացն ու, ըստ էության, կայացել նաև գիտական և ուսումնական մի ահռելի աշխատանք: Հիշենք այն կարևոր փաստը, որ 1920-30-ական թթ-ին հենց այս երևելիների ջանքերով են բացվել ֆակուլտետային ամբիոնները ու հետագայում նաև նոր առարկաներ ներառվել ուսումնական գործընթացում»:

Համալսարանականները ծաղիկներ դրեցին Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված հայտնի մտավորականների, մշակույթի գործիչների ու անվանի մարդկանց շիրիմներին և խոսեցին նրանց` հայ իրականության մեջ ունեցած ներդրման ու կարևոր առաքելության մասին:

Ինչպես Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը ընդգծեց, այս պանթեոնում են ամփոփվել նաև հայտնի համալսարանականները՝ Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազն ու Սիլվա Կապուտիկյանը, իսկ դա բնավ պատահականության արդյունք չէ. «Շնորհավորում եմ համալսարանականներիս 95-ամյա հոբելյանի առթիվ: Այդ 95 տարիները եղել են բեղուն, արդյունավետ և բազում սերունդներ են կյանք ուղեկցել: Թեև մենք գտնվում ենք տխուր, բայց միևնույն ժամանակ նաև ամենալուսավոր մի հողակտորի վրա, որտեղ ամփոփված են մեր շատ ու շատ մեծերի աճյունները: Եթե մենք թերթելու լինենք մեր պատմության էջերը, ապա հարյուրավոր այսպիսի մարդկանց կտեսնենք, իսկ պատմաբանի ու բանասերի անելիքն էլ հենց դա է՝ այդ մեծերի գործը շարունակելը, ուսումնասիրելը և այդ մեծերի գրությունների, մտքերի, երազների ու տեսիլների իրականացման բացահայտումը»:

Աղբյուրը` ysu.am