Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականներին համախմբել էր հոբելյանական ցուցահանդեսը

2014 թ. սեպտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքը սովորականից բազմամարդ էր. հարազատ ֆակուլտետի 95-ամյակն էին նշում պատմաբաններն ու բանասերները:

Ֆակուլտետի նախասրահում շրջում ու հայ մեծանուն լեզվաբանների, գրականագետների, պատմաբանների, շրջանավարտների կենսագրություններին ու աշխատություններին էին ծանոթանում ոչ միայն բանասերներն ու պատմաբանները, այլև ԵՊՀ մյուս ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչները, շրջանավարտները:

ԵՊՀ ռեկտորատի, Պատմության և Հայ բանասիրության ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման մասնակիցներին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ է:

«Սիրելի՛ համալսարանականներ, 95 տարի առաջ ի կատար ածվեց մեր մտավորականության, հասարակական և քաղաքական գործիչներից շատերի երազանքը՝ ստեղծվեց Երևանի համալսարանը, որի հիմքը պատմալեզվաբանական ֆակուլտետն էր: Սոված, որբերով լեցուն ու քայքայված առաջին հանրապետության տարիներին թերևս սա ամենալուսավոր կետերից է: Չնայած բոլոր դժվարություններին՝ համալսարանը գոյատևեց և զարգացավ: Երևանի պետական համալսարանն անցել է փառավոր ուղի, որի հիմքում Մայր բուհի առաջին ֆակուլտետների պատմությունն է ընկած»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանները:

«Մեր պետության համար ամենադժվարին օրերին հայ պետական այրերն ու մտավորականները, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հիմնեցին Մայր բուհը, որի պատմությունը սկսվում է Հայ բանասիրության ու Պատմության ֆակուլտետների կամ ինչպես նախկինում էր՝ պատմալեզվաբանական ֆակուլտետի պատմությունից: Մայր համալսարանի մայր ֆակուլտետի 95-ամյակը բոլորի համար է տոն, ուստի շնորհավորում եմ բոլոր համալսարանականներին ու մաղթում երկար տարիների բեղմնավոր կյանք»,- ասաց Արծրուն Ավագյանը:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հակիրճ խոսեց համալսարանի հիմնադրման պատմությունից, անվանակոչեց այն երախտավորների անունները, ովքեր ջանք չեն խնայել Մայր բուհի հիմնադրման գործում, և ընդգծեց, որ նրանց գործն անգնահատելի է յուրաքանչյուր հայի համար:

«Այո՛, պատմալեզվաբանական ֆակուլտետը Մայր բուհի ողնաշարն է: Մտավորականների մի ամբողջ սերունդ է տվել այդ ֆակուլտետը, մարդիկ, ովքեր լուրջ ներդրում են ունեցել մեր երկրի բարգավաճման գործում: Եվ այսօր էլ մեր պետության կայացման ու զարգացման գործում Մայր բուհն իր ֆակուլտետներով հանդերձ մեծ դերակատարում ունի, քանի որ ոչ միայն լավ մասնագետներ է պատրաստում, այլև իսկական հայ ու քաղաքացի դաստիարակում»,- նշեց Էդիկ Մինասյանը:

Մայր բուհի առաջին ֆակուլտետների հոբելյանական միջոցառմանն իրենց սրտի խոսքն ասացին նաև դասախոսներն ու շրջանավարտները:

Հարազատ ֆակուլտետ այցելեց նաև ՀՀ նախագահ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Սերժ Սարգսյանը:

Աղբյուրը`  ysu.am