Иджеванский филиал Ереванского государственного университета

Մայր բուհը 96 տարեկան է

Մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մայր բուհի հիմնադրման 96-ամյակը, Ուսանողների և երիտասարդների օրը

1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Stepan_MalkhasyantsՀամալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան:  Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

Կառավարության 1923թ. հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:

ysu-1920

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 206-ը պրոֆեսորներ են, 557-ը` դոցենտներ, 427-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:

2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Aram-Simonyan

2014 թվականին ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:

Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

ysu-96-1

Տոնը հնարավորություն է տալիս ուսանողին` ևս մեկ անգամ կարևորելու իր դերն ու ստացած ուսումը, մեծացնելու հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մայր բուհի հիմնադրման 96-ամյակը, Ուսանողների և երիտասարդների օրը, մաղթում առաջընթաց բոլոր ձեռնարկումներում, տոկուն կամք, եռանդ ու նպատակասլացություն: