Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է

 
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է
Համալսարանն այն կենսատու արմատն է, որից ճյուղավորվել է մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը և հիմք հանդիսացել ՀՀ գիտությունների ակադեմիայի ստեղծման համար:

Այսօր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բուհերի դասախոսների ու գիտահետազոտական ստորաբաժանումների գիտաշխատողների՝ ակադեմիկոսների, պրոֆեսորների ու դոցենտների զգալի մասը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Արդեն 2-րդ տարին է, ինչ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր: Կարևորելով համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Մի քանի ուշագրավ փաստ Երևանի պետական համալսարանի պատմությունից.


• 1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:


• 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:


• Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:


• Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:


• Հայաստանի համալսարանի առաջին ռեկտորը Յուրի Ղամբարյանն էր:


• Նախորդ դարասկզբի 20-ական թթ.-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի շենքի առաջին հարկում:


• 1991 թ.-ին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:


• 1994 թ.-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:


• Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ:


• Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ:


• 2006 թ.-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Աղբյուրը՝ http://ysu.am