Иджеванский филиал Ереванского государственного университета

ԵՊՀ գիտխորհրդի նիստում տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

2014թ. դեկտեմբերի 11-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի` այս տարվա վերջին նիստը:

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին:

Տնօրեն Սամվել Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նրա խոսքերով` ինչպես նախկինում, այս տարի ևս կրթական ծառայություններ մատուցելուց բացի`մասնաճյուղի ղեկավարությունն իր առջև դրել է շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիրը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության որակին, ինչի համար էլ աշխատում ենք կրթական ծրագրերը հնարավորինս մոտեցնել Մայր բուհի ծրագրերին: Վերջին մեկ տարվա ընթացքում ֆինանսական, բանկային, հաշվապահական, հարկային, մանկավարժական ոլորտներում աշխատանքի ընդունվածների 90%-ը մեր շրջանավարտներն են: Առայժմ չի ստացվում ցանկալի ցուցանիշներ ապահովել «Սերվիս» մասնագիտության գծով»,- ասում է պարոն Առաքելյանը:

Վերջինիս խոսքերով՝ տարին բավականին արդյունավետ է եղել նաև գիտական աշխատանքներ կատարելու տեսանկյունից:

Անցնող տարվա ընթացքում տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Իսկ տեղի դասախոսներից 7-ը (որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են), պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

Հաշվետու տարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հիմնադրվել է նաև «Տավուշ» ուսանողական ռազմահայրենասիրական ակումբը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ: Բավականին ակտիվ են աշխատում նաև ուսանողական կառույցները՝ ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն: