2024 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց ճանաչված հայերենագետ, համեմատական լեզվաբանության հայ լավագույն մասնագետներից մեկի՝ Հրաչ Մարտիրոսյանի (Լեյդենի համալսարան) խտացված դասընթացը՝ «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» խորագրով:

Նախքան դասընթացն սկսելը կազմակերպվեց ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ պարոն Մարտիրոսյանի հանդիպումը, որին մասնակցում էին նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս. Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայտնի լեզվաբանի կողմից Իջևանում անցկացվելիք երկօրյա խտացված դասընթացին վերաբերող կազմակերպչական և թեմատիկ հարցեր: Պարոն Մակարյանը Հ. Մարտիրոսյանին նվիրեց Տավուշի մարզի պատմությանը, լեզվին և մշակույթին վերաբերող գրքեր՝ նոր հետազոտություններում դրանք օգտագործելու նպատակով:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ, հայագիտական ու լեզվաբանական մասնագիտացման դասախոսներ:

Հ. Մարտիրոսյանի դասախոսության շրջանակներում ներկաները լսեցին հնդեվրոպական նախալեզվի ճյուղավորման պատմության, հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուների պատմական զարգացման, ինչպես նաև լեզուների նախագրային կարգավիճակից գրավոր փուլի անցման գիտական շրջանաբաժանման մասին: Դասախոսության առաջին հատվածում ներկայացվեցին հայերենի ծագման՝ գիտականորեն ապացուցված և ընդունված ժամանակահատվածը, հայոց լեզվի իրական տարիքը և գոյություն ունեցող թյուր կամ ոչ գիտական մոտեցումները լեզվի առաջացման և զարգացման հարցում: Բացատրվեց, թե ինչպես են տվյալ ժողովրդի կենցաղը, մշակույթը, հավատալիքները և արտալեզվական այլ գործոններ ուղղակիորեն ազդում լեզվի զարգացման և նրա տարածման վրա, ինչպես են այդ գործոնները լեզվական փոխազդեցությունների հիմք դառնում: Խոսվեց նաև այն մասին, թե ինչպես է մեր ժամանակներում այլևս գոյություն չունեցող լեզուների և հատկապես հնդեվրոպական մայր նախալեզվի պատկերը ամբողջացվում պատմահամեմատական լեզվաբանության մեթոդների միջոցով: 

Մասնագետը ներկայացրեց համեմատական լեզվաբանության մեթոդները և դրանց նշանակությունը լեզվական որևէ նախաձև ճշգրիտ պարզելու խնդրի մեջ: Դրա հետ կապված՝ ներկայացվեց նաև նախաձևերի ճշգրտման մեջ հնարավոր խոչընդոտների և թյուրիմացաբար անճիշտ ձևի հանգելու հավանականությունը, ցույց տրվեցին այդպիսի իրավիճակները մասնագիտորեն շրջանցելու ճանապարհները: Դասախոսության առաջին հատվածն ամփոփվեց ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական հարցերով, որոնք վերաբերում էին հնդեվրոպական նախալեզվի ընդհանուր, ամբողջական պատկերը նրանից սերած լեզուների արդի վիճակների միջոցով վերականգնելու ընթացքին, բառի ստուգաբանության մեջ տվյալ ժողովրդի մշակութային և կրոնական արժեքների ունեցած դերին:

Դասախոսության երկրորդ հատվածը նվիրված էր համեմատական լեզվաբանության գործնական պարզագույն առաջադրանքների իրականացմանը: Ներկաներն ակտիվորեն մասնակցեցին տրված բառերի նախնական՝ հնդեվրոպական վերականգնված ձևերի միջոցով դրանց արդի պատկերը ճանաչելու առաջադրանքի կատարմանը: Համապատասխան հնչյունական օրենքների բացատրման և վերականգնողական մեթոդի պարզ քայլերի յուրացման միջոցով մասնակիցները կարողացան իրականացնել նաև վերոնշյալ աշխատանքի հակադարձ ընթացքը՝ եղած ժամանակակից հնչյունական կազմի միջոցով վերականգնել բառի նախնական՝ հնդեվրոպական ձևը: Դասախոսությունն ուղեկցվում էր հետաքրքիր քննարկումներով, հարցերով և պարզաբանումներով:

Հրաչ Մարտիրոսյանի՝ ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկած «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» խտացված դասընթացի հաջորդ մասը նախատեսված է սեպտեմբերի 27-ին շարունակել «ԻննոԻջևան» կրթական հանգույցում:

Опубликовать материал
©2023 Все права защищены.