2024 թ․ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 30-ը մարզի դպրոցներում (Իջևանի համար 5, Գանձաքարի, Սարիգյուղի, Ազատամուտի, Ն․ Ծաղկավանի, Գոշի, Վազաշենի) ընթանում են ԵՊՀ ԻՄ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկաները:

Մանկավարժական պրակտիկայի յուրաքանչյուր փուլ կարևոր և որոշիչ դեր ունի ուսանողի համար: Այն ճանապարհ է, որն անցնելով՝ ուսանողը բացահայտում է ինքն իրեն որպես մարդ և ապագա մանկավարժ:

Մինչև պրակտիկան սկսելը ղեկավարները պրակտիկանտ ուսանողների հետ իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝ դասարանի առջև հանդես գալու, աշակերտների հետ ճիշտ հաղորդակցվելու, մանկավարժական կոլեկտիվում ճիշտ դրսևորվելու ուղղությամբ: 

Մանկավարժական պրակտիկայի ընթացիկ շրջանը հագեցած և արդյունավետ է. ուսանողները ոչ միայն հետևում են ուսուցիչների աշխատանքին, այլև ինքնուրույն վարում են դասեր՝ ուսումնական գործընթացի մեջ լիարժեք ներգրավվելով: Գործընթացի մեջ ընդգրկումը ապագա ուսուցիչներին թույլ է տալիս ոչ միայն ի մի բերել տեսական գիտելիքները, այլև դրանք կիրառել գործնականում՝ գիտակցելով երիտասարդ սերնդի դաստիարակության համար պատասխանատվության ողջ խորությունը:

Ակտիվ պրակտիկան ուսանողների համար դարձել է ստեղծագործական լաբորատորիա, որտեղ պրակտիկանտներն իրենց վարած դասերի ընթացքում կիրառում են մանկավարժական նոր մեթոդներ ու մոտեցումներ, ոգեշնչվում ուսուցման գործընթացում ձեռք բերված հաջողություններով:

Դպրոցի պատերի ներսում ուսանողները բացահայտում են դասավանդման բերկրանքը, գիտելիքի փոխանցման գեղեցկությունը, որը ձևավորվում է ոչ միայն գրքերում և դասախոսություններում, այլև աշակերտների հետ կենդանի շփման գործընթացում: Այս փորձն օգնում է ուսանողներին հասկանալ, որ դասավանդումը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, այլև աշակերտների հետ հաղորդակցման արվեստ և փոխազդեցության արդյունավետ միջոց:

Մանկավարժական պրակտիկաներն ուսանողների մեջ ձևավորում և զարգացնում են դասավանդման, մասնավորապես՝ դասի պլանավորման և կազմակերպման կարողությունները, ժամանակակից պահանջներին համապատասխան գործնական, մանկավարժական հմտությունները:

Опубликовать материал
©2024 Все права защищены.