2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային դպրոցը, որը կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:

Միջազգային աշնանային դպրոցին մասնակցելու համար հայտագրվել էին շուրջ 2 տասնյակ ուսանողներ՝ ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ու Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից և Զալցբուրգի համալսարանից:

Հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը, ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկան Ա. Մակարյանը, Հ. Մուրադյանը և Յ. Դում-Թրագուտը՝ ողջունելով բոլոր ներկաներին, ընդգծելով միջազգային աշնանային դպրոցի անցկացման դերն ու կարևորությունը, ներկայացնելով հիմնական նպատակը և խնդիրները, որոնք են՝ մասնակիցներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Ներկայացվեց, որ աշնանային դպրոցը բաղկացած է լինելու դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից: Դասախոսությունները կանցկացվեն բուհում, իսկ դաշտային աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը: 

Բացմանը պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը շնորհանդեսի ուղեկցությամբ նաև հանդես եկավ «Մշակութային ժառանգություն. ներածություն» թեմայով բանախոսությամբ՝ անդրադառնալով ժառանգությանը և նրա տարբեր տեսակներին՝ բնական, մշակութային, նյութական ու ոչ նյութական տարբերակումներին և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ խորհրդակցությունների սենյակում կայացավ դպրոցի աշխատանքները համակարգողների և դպրոցին մասնակցող ուսանողների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:

Աշնանային դպրոցը կտևի 5 օր, իսկ ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր: 

Տեսանյութ
Տարածել նյութը
©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: