Օրերս «Լոռու» մարզի «Էյթիփի» բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ «Թափոնների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցեց Բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Աննա Սմբատի Սիմոնյանը:
Դասընթացը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` «Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է բնական պաշարներին, բնության աղտոտմանը և էկոլոգիային առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:
Այս դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելով` ԵՊՀ ԻՄ-ի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Ա.Սիմոնյանը մասնաճյուղում անցկացրեց «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր:
Թեման ունի բազմակողմանի ուղղվածություն (բնապահպանական տնտեսագիտական, սոցիալական), ներառում է հետևյալ հիմնախնդիրները` թափոններից խուսափումը, նրանց նվազեցումը, վերամշակումն ու վերօգտագործումը:
Ուսանողները ստացան գիտելիքներ թափոնների հիմնախնդրի, տեսակների, կայուն կառավարման, էկոհամակարգերի վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև ներկա իրավիճակի և բարելավման տարբերակների մասին: Նրանց համար կազմակերպվեց նաև թեմատիկ ֆիլմերի, շնորհանդեսների դիտումներ:
Այնուհետև մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ, Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Ռազմիկ Հովսեփյանի կազմակերպչական աջակցությամբ կատարվեց թափոններից ստացված գեղեցիկ և օգտակար իրերի ցուցադրություն:
Ուսանողներն այնքան են ոգևորվել թափոնների կառավարման գլոբալ հիմնախնդիրների ուսումնասիրման և լուծումներ տալու հիմնախնդրով, որ մտածում են շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցությունը սահմանափակելու վերաբերյալ ռազմավարությունների և շարունակական աշխատանքներ տանելու ուղղությամբ: