2012թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով, որը նախաձեռնել ու կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Առաքելյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է մատաղ սերնդին հաղորդակից դարձնել ազգային արժեքներին, ընդգծեց հայ ժողովրդի հոգևոր զարգացման գործում Սայաթ-Նովայի ունեցած անփոխարինելի դերն ու նշանակությունը: Կոչ արեց երիտասարդներին գնահատել ու պահպանել մեր հոգևոր ժառանգությունը և այս գիտաժողովը համարեց մի փոքրիկ ներդրում այդ գաղափարի իրականացման ճանապարհին:
Հետաքրքիր ու բովանդակալից զեկուցումներով հանդես եկան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը («Աշուղական երգարվեստը և Սայաթ-Նովան»), բ.գ.թ., ասիստենտ Լ. Թումանյանը («Թիֆլիսի բարբառի և փոխառությունների գործածությունը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում»), դասախոսներ Վ. Աղաբաբյանը («Կնոջ արտաքինի պատկերումը Սայաթ-Նովայի քնարերգության մեջ»), Ա. Ադամյանը («Սայաթ-Նովայի ստեղծագործությունը 20-րդ դարասկզբի արևելահայ քննադատության գնահատմամբ»):
Գեղարվեստական մասում ուսանողները քանոնի նվագակցությամբ ներկայացրին սայաթնովյան հոգեթով երգերի կատարումներ, ասմունք, պար:
Միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդեց Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհրդի կազմակերպած ցուցադրությունը՝ աշուղական արվեստին նվիրված թեմատիկ գոբելենների, ծաղկեփնջերի ու նատյուրմորտի համադրությամբ: