Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման» կարգը (այսուհետև՝ Կարգը) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ընթացակարգը: 
- Կարգը մշակվել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման» կարգերի (ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1062-Ն Որոշում), ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների հիման վրա: 
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) կողմից լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակն է հասարակության լայն խավերին հնարավորություն տալ ձևավորելու, կատարելագործելու, արդիականացնելու և լրացնելու մինչ այդ ձեռք բերած (նախընթաց) իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ 
- Մասնաճյուղը կարող է իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր և դասընթացներ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվելով ուսուցման ազգային ռեեստրում 1 , իսկ հավատարմագրված մասնագիտությունների շրջանակներում Մասնաճյուղը կարող է ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել առանց նախապայմանների։ 
- Լրացուցիչ կրթական ծրագրերը և դասընթացները Մասնաճյուղում կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման ու կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները գնահատվելու և ճանաչվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 
- Լրացուցիչ կրթական ծրագրով ուսուցումը (այսուհետև՝ Ուսուցում) չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառառության արդյունքների պաշտոնական ճանաչման՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: 
- Լրացուցիչ կրթական ծրագրին կամ դասընթացին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, եթե բավարարում է տվյալ ծրագրի/դասընթացի մուտքային պահանջներին: 
- Լրացուցիչ կրթության իրականացման առավելագույն տևողությունը մինչև 5 ամիս է: 
- Լրացուցիչ կրթության կազմակերպման մասնակիցներն են` Մասնաճյուղը, կրթական ծառայություններ մատուցողները, լրացուցիչ կրթություն ստացողները։ 
- Լրացուցիչ կրթական ծրագիրը/դասընթացը իրականացվում է երկկողմ համաձայնությամբ` Մասնաճյուղի և կազմակերպության կամ անհատի միջև երկու հավասարազոր օրինակից կնքվող պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: 
- Վճարովի լրացուցիչ կրթության իրականացումից հետո պատվիրատուին տրվում է Մասնաճյուղի կողմից հաստատված և կնքված` մասնագիտական որակավորում չպարունակող փաստաթուղթ: