- Главная
- Գիտական խորհրդի նիստ
Ըստ կրթական ծրագրերի՝ ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ 2024 թ. ընդունելության արդյունքները (առկա և հեռակա ուսուցում) և նախորդ երեք ուստարիների արդյունքների համեմատական վերլուծությունը: Արդյունքների համաձայն՝ 2024-2025 ուստարում նկատելի է ընդունելության քննությունների նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թվի որոշակի նվազում (հատկապես հեռակա ուսուցման համակարգում)՝ նախորդ երեք ուստարիների (2021-2022, 2022-2023, 2023-2024) համեմատությամբ: Շարունակվում է խորանալ դպրոցների շրջանավարտների գիտելիքների և ընդունելության քննությունների համար նախատեսված պահանջների միջև տարբերությունը, իջնում է դիմորդների գիտելիքների մակարդակը, ըստ այդմ՝ առավել մեծ թվով դիմորդներ չեն հաղթահարում նվազագույն շեմը: Դարձյալ վնաս են հասցնում նաև այլ բուհերի հետ անհավասար և անազնիվ մրցակցային պայմանները, որոնք իրականացնում են առանց քննությունների ընդունելություն՝ մեծաքանակ դիմորդներ գրավելով:
Նախորդ ուստարվա հետ համեմատած՝ 2024-2025 ուսումնական տարում ունենք դիմորդների ընդհանուր թվի աճ: Այս ուստարում ընդունվել է 255 դիմորդ (նախորդ ուստարվա 236-ի փոխարեն), որից առկա ուսուցման բակալավրիատ ընդունվել է 182-ը (նախորդ ուստարվա 161-ի փոխարեն), հեռակա ուսուցման բակալավրիատ՝ 23-ը (32-ի փոխարեն), հեռակա ուսուցման մագիստրատուրա՝ 26-ը (32-ի փոխարեն), ՄՄՈՒՀ-երից տեղափոխված՝ 24-ը (11-ի փոխարեն):
ԵՊՀ ԻՄ 2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) վերաբերյալ նշվեց, որ վերջինիս հոդվածների ցուցանիշները կազմվել են 2024 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: 2025 թ. նախահաշվի եկամուտները և ծախսերը հավասարակշռված են:
Նոր բյուջեով նախատեսվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի որոշակի բարձրացում, մեծ ծավալի հիմնանորոգման աշխատանքների իրականացում (Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների մասնաշենքերի և ԵՊՀ ԻՄ կենտրոնական մասնաշենքի բակային տարածքի հիմնանորոգում) և այլ գործողությունների ֆինանսավորում:
2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) հավանության արժանացավ մասնաճյուղի գիտխորհրդի անդամների կողմից, և որոշվեց այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:
Այնուհետև ներկայացվեց ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2023-2024 թթ. կարծիքների ուսումնասիրությունը: Նշվեց, որ ուսումնասիրությունն իրականացվում է Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի կողմից առցանց հարցման միջոցով: Հարցվող ընտրահատվածի մեջ ընդգրկված են մարզի գործատու կազմակերպությունների՝ բանկերի, դպրոցների, հյուրատների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Ընդհանուր առմամբ հարցման արդյունքները գոհացուցիչ են, ինչը փաստում է, որ ԵՊՀ ԻՄ-ը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ: Ըստ հարցման արդյունքների՝ ԵՊՀ ԻՄ շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը 4 և 5 է գնահատել 67 շահակիցներից 60-ը (89.55%-ը), գործնական հմտությունները և մասնագիտական խոսքը՝ 54-ը (80.59%-ը), որը բարձր ցուցանիշ է:
Մեր շրջանավարտների հաղորդակցման հմտությունները 67 գործատուներից 58-ը (86.56%-ը) գնահատել է 4 և 5 գնահատականներով, իսկ 53-ի (79.10%-ը) կարծիքով՝ մեր շրջանավարտները կարողանում են արագ և ճիշտ կողմնորոշվել տարբեր գործնական իրավիճակներում: Մեր շրջանավարտների աշխատանքային կարգապահությունը 67 գործատուներից 64-ը (95.52%-ը) գնահատել է 4 և 5 գնահատականներով, իսկ 60-ը (89.55%-ը) կարծում են, որ մեր շրջանավարտներն ունեն թիմային աշխատանք կատարելու ունակություն: Մեր շրջանավարտների տեղեկատվական տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունները 67 գործատուներից 56-ը (83.58%-ը) դարձյալ գնահատել է 4 և 5 գնահատականներով և այլն:
Հարցման ընթացքում ուսումնասիրվել է նաև մասնաճյուղի հեղինակությունը կազմակերպությունում և բնակավայրում: 67 գործատուներից 63-ը (94.03%-ը) մասնաճյուղի հեղինակությունը 4 և 5 է գնահատել իրենց կազմակերպությունում, իսկ 61-ը (91.04%-ը)՝ իրենց բնակավայրում: Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 65-ը (97.01%-ը): Այս ցուցանիշը բավականին բարձր է և վկայում է, որ տարածաշրջանում բարձր է կարծիքը մասնաճյուղի կրթական գործունեության մասին:
Իբրև ամփոփում՝ Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը ներկայացրեց շրջանավարտների ուսուցումը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ և հավելեց, որ բաժինը հարցման արդյունքները կտրամադրի մասնագիտական ամբիոններին և ուսանողներին (ՈՒԳԸ և ՈՒԽ)՝ քննության առարկա դարձնելու կրթական ծրագրերի կատարելագործմանն ուղղված ներկա գործընթացներում արտաքին շահակիցների կարծիք-գնահատականներն ու առաջարկությունները:
Հաջորդիվ ներկայացվեցին Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 ռազմավարական ծրագրի: Վերոնշյալ ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները ֆակուլտետների կողմից մշակված գործողությունների պլաններին համապատասխան ներկայացրին հաշվետու ուստարում իրականացված աշխատանքների արդյունքները:
Զեկուցողներն իրենց հաշվետվություններում մասնավորապես անդրադարձան արձանագրված հիմնական հաջողություններին կամ ձեռքբերումներին, դրանք ի նպաստ ֆակուլտետի գործունեության արդյունավետության հետագա բարելավմանն օգտագործելուն, դժվարություններին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի՝ Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների դեկանների ներկայացրած 2023-2024 ուստարվա նրանց գործունեությունը գնահատվեց բավարար:
Ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելուն: Գիտխորհրդի նիստում առաջարկվեց ԵՊՀ ԻՄ վարչական 4 բաժինների հիման վրա ձևավորել 2 բաժին: Մասնավորապես առաջարկվեց՝
Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը միավորել Հաշվապահության հետ՝ ձևավորելով Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին,
Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը միավորել Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի հետ՝ ձևավորելով Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժին:
ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները հավանություն տվեցին առաջարկված կառուցվածքային փոփոխություններին, և որոշվեց համապատասխան առաջարկություն ներկայացնել ԵՊՀ ռեկտորին: