- Главная
- Բացվել է մեր դասախոսի անհատական ցուցահանդեսը Գորիսում
Ներկայացված 20 աշխատանքներն արտացոլում են տեսարաններ Գորիսից, Սյունիքի մյուս քաղաքներից (Կապան, Սիսիան, Մեղրի), ինչպես նաև ծննդավայր Գյումրիից, Պոլսից, Վենետիկից, Պրահայից և այլն:
Տեղի արվեստասերները մեծ ոգևորությամբ մասնակցեցին միջոցառմանը, քանի որ նրանցից շատերին քաջածանոթ էին Երևանից ժամանած հեղինակի աշխատանքները դեռ 2010 թվականից: «Բանն այն է, - մեզ հետ զրույցում պարզաբանեց Լևոն Լաճիկյանը,- որ իմ անդրանիկ ցուցահանդեսը կազմակերպվել է հենց Գորիսում 16 տարի առաջ՝ վերածելով այն հարազատ բնակավայրի»: Ըստ արվեստագետի՝ Սյունյաց աշխարհի այդ մարգարտաքաղաքն առանձնանում է անկրկնելի բնության և ուրույն ճարատարապետության ներդաշն համադրությամբ և ձույլ միասնությամբ:
Լևոն Լաճիկյանը Գորիսում հանդիպումներ ունեցավ տեղի արվեստագետների հետ՝ հյուրընկալվելով նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում: Այդտեղ սպասում էին մեր դասախոսին, քանի որ մշակութային այդ հաստատությունը պատկերող նրա գծանկարն արդեն երկար տարիներ դարձել է ամենադիտարժան ցուցանմուշներից մեկը: Կայացած զրույցը մասնավորապես տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և «Ակսել Բակունց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Թեհմինա Մարությանի հետ նախանշեց հետագա համագործակցության ուղիները:
Լևոն Լաճիկյանի «Գորիսի հմայքը» ստեղծագործությունը համալրեց Գորիսի համայնքային պատկերասրահի հավաքածուն:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակույթի տան հովանավորությամբ: