«Ցուցահանդեսային տեխնոլոգիաներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գլխավորությամբ այցելեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին:

Նրանք նախ մեծ հետաքրքրությամբ դիտեցին հիմնանորոգյալ ու վերաօծյալ Մայր տաճարի որմնանկարները՝ ստանալով նոր գիտելիքներ քրիստոնեական առաջին տաճարի վերաբերյալ:
Ապա մեր ուսանողներին դիմավորեց ու հյուրընկալեց Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Մայր աթոռի հրատարակչության տնօրենը՝ արժանապատիվ տեր Արարատ քահանա Պողոսյանը: Վերջինս համալսարանականներին ուղեկցեց Մայր Աթոռի Ռուբեն Սևակի անվան և «Խրիմյան» թանգարաններ, որտեղ ցուցադրվում են եկեղեցական կիրառական արվեստի թանգարանային եզակի նմուշներ: Շահեկան էր, անշուշտ, մոտիկից ծանոթությունը ոչ միայն գեղանկարներին, քանդակներին, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններին, այլև դրանց ցուցադրման մշակույթին և կիրառված ցուցահանդեսային տարբեր տեխնոլոգիաներին:
Այդ առումով հետաքրքրական էր նաև այցելությունը Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, որտեղ արժանապատիվ տեր հայրը ուսանողներին ներկայացրեց Ս․ Էջմիածնի մատենադարանի հիմնադրման պատմությունը և գործունեության հիմնական ոլորտները: Վերջում նա նվիրեց Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռի հրատարակած գրքույկներ: 
 

Опубликовать материал
©2024 Все права защищены.