- Главная
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է ԵՊՀ ԻՄ նոր տնօրեն
Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Մհեր Մերուժանի Օթարյանը կրթություն է ստացել է ԵՊՀ-ում և 2021 թվականից զբաղեցնում է ԻՄ փոխտնօրենի պաշտոնը:
Հոգաբարձուների խորհրդի նիստում Մ. Օթարյանը, ներկայացնելով ԵՊՀ ԻՄ զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է շարունակի պատրաստել որակյալ գիտամանկավարժական կադրեր ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, նրա համոզմամբ, մարզային կրթական կենտրոն է, և անհրաժեշտ է ծրագրերը դարձնել ավելի ճկուն, իսկ դասընթացներն անցկացնել նորարարական մեթոդներով. «Պետք է զարգացնել նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունը, խթանել ակադեմիական շարժունակությունը, ինչպես նաև ընդլայնել գիտակրթական ու մշակութային կապերը այլ ուսումնական հաստատությունների հետ»:
Մ. Օթարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ներդնել որակի ապահովման վերահսկման արդիական համակարգ. «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարման համակարգի արդյունավետության շարունակական բարելավումը ևս առանցքային նշանակություն ունի»:
Ընտրության նպատակով կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն:
Խորին շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և բոլոր ձեռքբերումներին մասնակից, 2019 թվականից բուհը ղեկավարող Անուշավան Հայկարամի Մակարյանին՝ մասնաճյուղի զարգացման գործում իր մեծ ներդրման, մասնագիտական իր հարուստ փորձն ու աշխատանքային բարձր կուլտուրան աշխատակիցներին փոխանցելու համար:
Շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ նորընտիր տնօրեն Մհեր Մերուժանի Օթարյանին՝ մաղթելով նրան աշխատանքային բեղուն և արդյունավետ գործունեություն, հաջողություններ ԵՊՀ ԻՄ առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ձեռնարկումներում:
Հոգաբարձուների խորհրդի նիստի մանրամասները տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայքում՝ http://surl.li/odnwce: