2026 թ. սեպտեմբերի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորված և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթացը, որը վարեց ՌՎԻ-ի փորձագետ, թրեյներ, քաղաքագիտության թեկնածու Մերի Մարգարյանը:

Դասընթացը միտված էր երիտասարդների շրջանում զարգացնելու շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը և կարողությունները:

«Բնապահպանական իրավունքները և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները» թեմատիկ մոդուլի նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտակցության ու կարողությունների մակարդակը շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ խթանելով իրավունքների վրա հիմնված մոտեցումների կիրառումը բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման գործընթացներում:

ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» կրթական ծրագրի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները դասընթացավարի հետ քննարկեցին էկոհամակարգերը և էկոհամակարգային ծառայությունները, կենսաբազմազանության պահպանության կարևորությունը, ինչպես նաև «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակը, միջազգային պարտավորությունները և COP 17 գործընթացները:

Ծրագիրը բաղկացած էր երեք մոդուլներից, և մասնակիցները հնարավորություն ունեցան ակտիվորեն ներգրավվելու շրջակա  միջավայրի, կենսաբազմազանության պահպանության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խորքային ուսումնասիրման մեջ:

Առանձին անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը (HRBA) էկոհամակարգերի և կենսաբազմազանության կառավարման գործընթացում, ինչպես նաև էկոհամակարգերի վրա հիմնված հարմարվողականության (EBA) սկզբունքներին:

Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին «Մեր համայնքի անտառը վտանգի տակ է» դերային խաղում՝ իրավիճակային օրինակների միջոցով դիտարկելով բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը:

Դասընթացը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտություններ՝ բնապահպանական խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերլուծելու և դրանց լուծմանն ուղղված մոտեցումներ կիրառելու համար:

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողներն ամփոփեցին քննարկված թեմաները և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: