2025 թ․ մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայկական ժառանգությունը Մադրասում․ պատմության և ինքնության հետքերով» թեմայով հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:

Քննարկման խոսնակն էր ԵՊՀ ԻՄ շրջանավարտ, Հնդկաստանի հայ համայնքի ակտիվ անդամ, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ Հարավային Հնդկաստանի համակարգող Աշխեն Խաչատրյանը:

 Հանդիպման ընթացքում ներկայացվեց, թե ինչպես է ձևավորվել հնդկահայ համայնքը, ընդգծվեց, որ Հնդկաստանի տարածքում այսօր գործում են յոթ հայկական եկեղեցիներ:

Ա. Խաչատրյանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Չեննայի՝ նախկին Մադրասի մասին, որը մի ժամանակ եղել է աշխույժ հայկական համայնք: Քննարկման մասնակիցներն ուշագրավ ճամփորդություն կատարեցին դեպի այդ մոռացված պատմության էջերը, ծանոթացան Մադրասի նշանավոր հայ վաճառականների անցած ճանապարհին և թողած ժառանգությանը:

Ընդգծվեց, որ հայերը ոչ միայն պահպանել են իրենց հավատը, լեզուն ու մշակույթը, այլև ակտիվ դեր են խաղացել Մադրասի զարգացման մեջ՝ դառնալով յուրօրինակ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև:

Ներկայիս հայ համայնքի և նրա գործունեության մասին խոսելիս բանախոսը նկատեց, որ երբեմնի հայաշատ գաղութն այսօր գրեթէ հայազրկվել է, տեղաբնակ հայության թիվն այսօր Հնդկաստանում հասնում է 200-ի:

Աշխեն Խաչատրյանը ներկայացրեց նաև, թե ինքը և իր ամուսինն ինչպես են պահպանում հայկական հետքը Չեննայում և ցանկացած առիթի դեպքում սիրով խոսում են Հայաստանի, Մադրասում հայ համայնքի գործունեության մասին, որպեսզի տեղացիները ևս իրազեկված լինեն հայ-հնդկական դարավոր բարեկամության մասին:

«Իմանալով Մադրասի հայակական հետքերի մասին՝ մենք ամրապնդում ենք մեր ինքնությունն ու մշակութային հիշողությունը, ճանաչելով մեր անցյալը՝ մենք ուժեղացնում ենք մեր ներկան»։ - ընդգծեց ԱԽաչատրյանը:

Опубликовать материал
©2025 Все права защищены.