- Главная
- «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Դասընթացը միտված էր երիտասարդների շրջանում զարգացնելու շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը և կարողությունները:
«Բնապահպանական իրավունքները և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները» թեմատիկ մոդուլի նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտակցության ու կարողությունների մակարդակը շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ խթանելով իրավունքների վրա հիմնված մոտեցումների կիրառումը բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման գործընթացներում:
ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» կրթական ծրագրի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները դասընթացավարի հետ քննարկեցին էկոհամակարգերը և էկոհամակարգային ծառայությունները, կենսաբազմազանության պահպանության կարևորությունը, ինչպես նաև «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակը, միջազգային պարտավորությունները և COP 17 գործընթացները:
Ծրագիրը բաղկացած էր երեք մոդուլներից, և մասնակիցները հնարավորություն ունեցան ակտիվորեն ներգրավվելու շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խորքային ուսումնասիրման մեջ:
Առանձին անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը (HRBA) էկոհամակարգերի և կենսաբազմազանության կառավարման գործընթացում, ինչպես նաև էկոհամակարգերի վրա հիմնված հարմարվողականության (EBA) սկզբունքներին:
Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին «Մեր համայնքի անտառը վտանգի տակ է» դերային խաղում՝ իրավիճակային օրինակների միջոցով դիտարկելով բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը:
Դասընթացը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտություններ՝ բնապահպանական խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերլուծելու և դրանց լուծմանն ուղղված մոտեցումներ կիրառելու համար:
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողներն ամփոփեցին քննարկված թեմաները և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: