Այս տարի միջազգային աշնանային դպրոցին մասնակցում են Ավստրիայի համալսարանների 5 դասախոս, Զալցբուրգի համալսարանի 5 և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 7 ուսանողներ:
Հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Նաթելլա Գրիգորյանը, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը, Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը և ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը, Հ. Մուրադյանը, Յ. Դում-Թրագուտը և Լ․ Ղալումյանը։ Նրանք ողջունեցին ներկաներին, կարևորեցին արդեն երրորդ տարին ԵՊՀ ԻՄ-ում միջազգային աշնանային դպրոցի անցկացումը, ներկայացրին վերջինիս նպատակն ու խնդիրները: «Ուրախալի է, որ մեր համալսարանը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության աշխարհագրությունը՝ դառնալով տարբեր երկրների ուսանողների և դասախոսների հանդիպման, գիտելիքի ու փորձի փոխանակման հարթակ։ Վստահ եմ՝ այս օրերը մասնակիցների համար կլինեն նոր գիտելիքների, հետաքրքիր բացահայտումների և երկարատև բարեկամության սկիզբ։ Միջազգային համագործակցությունը մեր համալսարանի զարգացման կարևոր առաջնահերթություններից է», - իր խոսքում ընդգծեց պարոն Օթարյանը:
Այս տարի ևս միջազգային աշնանային դպրոցը բաղկացած է դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից: Դասախոսությունները կանցկացվեն բուհում, իսկ դաշտային աշխատանքները՝ Առաքելոց վանքում և բնակավայրում: Ներկայացվեց, որ աշնանային դպրոցի շրջանակներում ուսանողները կծանոթանան մարզի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, կմասնակցեն քայլարշավի՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:
Աշնանային դպրոցի աշխատանքները համակարգում են Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը:
Աշնանային դպրոցը կտևի 5 օր, իսկ ավարտին մասնակիցներին կտրվեն վկայագրեր: