2022թ. մայիսի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հետ համատեղ իրականացրեց «Աշխարհակարգը 19-21-րդ դարերում» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թինոյանը:

Քննարկմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, բուհի վարչական անձնակազմի անդամներ,  Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողներ և շրջանավարտներ:

Բանախոսը նախ ներկայացրեց, որ աշխարհակարգը 19-20-րդ դարերում ենթարկվեց մի շարք փոխակերպումների, որտեղ սուվերենության և ուժի հիմնադրույթի գերակայությունը դարձան առավել ընկալելի: 19-20-րդ դարերի սահմանագծին ձևավորված աշխարհակարգի ուսումնասիրության նպատակով Դ.Թինոյանը կատարեց պատմական էքսկուրս՝ նոր ժամանակների ռազմաքաղաքական փոխակերպումների ազդեցությունը դիտարկելով ժամանակակից աշխարհակարգի ձևավորման և հաստատման տեսանկյունից:

«Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամի միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան, XX դարի վերջերից սկսած, խորը հետք թողեց միջկրթանքային այդ երեք սեգմենտների վրա: Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում: Գլոբալացումով հանդերձ՝ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի պարզ է ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը», - ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով ժամանակակից միտումներին՝ Դ.Թինոյանը նշեց, որ կայսրությունների փլուզումը, որպես կանոն, առաջացնում է տարակարգ ճգնաժամեր, խախտում է երկրների միջև ուժային հավասարակշռությունը, առաջացնում է քաոս միջազգայի հարաբերություններում, օրինակ` Հռոմեական, Օսմանյան, Ավստրո-հունգարական, Խորհրդային կայսրությունների կործանումը: Կայսրությունների անհետացումն աշխարհագրական քարտեզից հանգեցնում է որակապես նոր աշխարհակարգային պայմանների, որտեղ թելադրող դերակատարում ունեն աշխարհակարգերի հենասյուն հանդիսացող մեծ տերությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով ձևավորված միջազգային հարաբերությունների Յալթա–Պոտսդամ համակարգի հիմքում դրված էր երկբևեռ աշխարհակարգի մեխանիզմը, որը կազմված էր Արևելյան (սոցիալիստական երկրների) և Արևմտյան (կապիտալիստական աշխարհի) բլոկներից: Դրանով իսկ երեկվա դաշնակիցները դարձան անզիջում ախոյաններ` խրամատավորվելով ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի երկրների դիրքերում, հայտարարելով ռազմական, տնտեսական, ինֆորմացիոն և մշակութային անհաշտ պայքար, հեռանկարում էլ ունենալով միջուկային բախման հնարավորությունը:

«Խորհրդային Միության պարտությունը և փլուզումը դարձան Արևմտյան կիսագնդի՝ Միացյալ Նահանգների՝ որպես միակ և իրոք առաջին գլոբալ տերության պատվանդան բարձրանալու եզրափակիչ ակորդը», - շեշտեց բանախոսը: Խորհրդային Միության փլուզումը արմատական փոփոխության ենթարկեց սառը պատերազմի ժամանակաշրջանում ձևավորված երկբևեռ աշխարհակարգը, որը, իր բոլոր թերություններով հանդերձ, մարդկությանը 20 տարուց ավել զերծ պահեց խոշոր պատերազմներից և գլոբալ ճգնաժամերից: Իսկ այսօր, կապված Ռուսաստան-Արևմուտք առճակատմամբ, ուկրաինական ճգնաժամով, փոխվում են աշխարհի գոյություն ունեցող նկատելի և աննկատ սահմանները, և թե ինչ արդյունք կունենա զարգացումների այս շղթան, դժվար է ասել: Սակայն անվիճարկելի է այն, որ փոխվում են աշխարհի դիտարկելի աշխարհաքաղաքական սահմանները:

Դաս-քննարկման վերջում բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին, ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.