2021թ. մարտի 5-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (ի դեմս «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի տնօրեն Արմինե Ներսիսյանի) միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Կնքված հուշագրով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը օժանդակելու Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության զարգացմանը կրթության բոլոր մակարդակներում և ստեղծելու ընդհանուր հարթակ ուսանողների համար մանկավարժական և հոգեբանական տեսական գիտելիքներ ձեռքբերելու և դրանք «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում գործնականում կիրառելու համար:
Հուշագիրը նպատակաուղղված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ուսանողների իրազեկվածությունը ներառական սկզբունքների (հավասար հնարավորություններ, միջավայրային մատչելիություն, կրթության հասանելիություն) վերաբերյալ:
Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես «Հույսի կամուրջ»-ը պատասխանատու է՝
- մշակել և անցկացնել լրացուցիչ 5-օրյա դասընթաց մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար՝ «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» թեմայով,
- համալրել ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը ներառական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ գրքերով և ձեռնարկներով,
- «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում ստեղծել հարթակ, որը կարող է գործել նաև առցանց՝ ապահովելու ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական պարապմունքների, կլոր-սեղան քննարկումների, փորձի փոխանակման միջոցառումներ,
- Համագործակցելով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի հետ՝ խթանել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներառական դպրոցների և համալսարանի միջև սերտ համագործակցություն՝ համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատասխանատու է՝
- Ապահովել արդյունավետ համագործակցությունը ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև,
- Մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նրանց համաձայնությամբ թույլատրել իրականացնել «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» լրացուցիչ դասընթացը,
- Որոշել ԵՊՀ ԻՄ-ում պատասխանատու անձ, ով սերտ կհամագործակցի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ հուշագրի շրջանակներում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը տե՛ս այստեղ: