ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով բանասիրական գիտությունների պատվավոր դոկտոր, ԱՄՆ Վերմոնտ քաղաքի Միդլբերի քոլեջի պրոֆեսոր Թոմաս Ռ. Բեյերը անգլերենով և ռուսերենով երկօրյա դասախոսություններ անցկացրեց օտար լեզուներ ուսումնասիրող («ԱԼԳ», «ՖԼԳ», «ՌԼԳ» կրթական ծրագրերի) ուսանողների համար:

Դասախոսություններ իրականացվեցին «Ամերիկյան ժամանակակից գրականություն», «Ռուս գրականությունն այսօր» (հիմնված Լ. Ն. Տոլստոյի և Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործությունների նյութի վրա) թեմաներով: Ուսանողները դասախոսություն լսեցին նաև արհեստական բանականության վերաբերյալ և խորհեցին այն մասին, թե դա լավ է, թե վատ: Բացի դասախոսություններից՝ Թ. Բեյերը նաև հանդիպեց Օտար լեզուների ամբիոնի դասախոսների հետ: Միջոցառման կազմակերպիչն էր ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Ս. Մ. Մինասյանը:

Պատվավոր հյուրին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը: Նա համալսարանի հետ համագործակցության համար շնորհակալագիր հանձնեց Թոմաս Բեյերին և հետագա սերտ փոխգործակցության հույս հայտնեց: Հանդիպումն անցավ բարձր մակարդակով, արդյունավետ և ընկերական մթնոլորտում:

Համալսարանը Թոմաս Բեյերի համար կազմակերպել էր էքսկուրսիաներ դեպի բարձրալեռնային Սևանա լիճ, հայկական ճարտարապետության գլուխգործոցներ Հաղարծնի և Գոշի միջնադարյան վանական համալիրներ: Էքսկուրսիան վարում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, ազգագրագետ Ելենա Շուվաևան: Գոշավանքի պարիսպների մոտ գրականագետները հիշեցին Օսիպ Մանդելշտամի հետաքրքրաշարժ տողերը.

Ոռնացող քարերի պետություն-

Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Խռպոտ լեռներդ ի զեն կոչող-

Հայաստա՜ն, Հայաստա՜ն…

Ռուս գրականության անգլերեն փայլուն թարգմանիչ, Անդրեյ Բելիի ստեղծագործությունների մասնագետ Թոմաս Ռ. Բեյերն առաջին անգամ եղել է Խորհրդային Միությունում (մասնավորապես՝ Մոսկվայում, Լենինգրադում և Երևանում) 1967 թվականին: Այդ ժամանակ նա մասնակցում էր այսպես կոչված լեզվի ամառային դասընթացների՝ դեռ չիմանալով, որ ինքը՝ նորվեգա-իռլանդական ծագումով ամերիկացին, հավերժ կապելու է իր կյանքը ռուսաց լեզվի և գրականության հետ: Նա մեկ անգամ չէ, որ այցելել է Ռուսաստան, շատ է աշխատել արխիվներում, մասնակցել է գիտաժողովների: Նա երրորդ անգամն է Հայաստանում: Ինչպես ինքն է ասում՝ հանրապետությունը տեսել է պատմական տարբեր կարևոր ժամանակաշրջաններում:

Պրոֆեսոր Թոմաս Բեյերը, բացի ռուս դասական գրականության վրա աշխատելուց, հանդիպել է «վաթսունականների» բազմաթիվ ռուս գրողների՝ Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ռոբերտ Ռոժդեստվենսկու և այլոց հետ: Այդ իսկ պատճառով այն հիշողությունները, որոնք նա ներկայացրեց «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին, առաջացրին աշխույժ և անկեղծ հետաքրքրություն:

Հրաժեշտ տալիս ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մարատ Զուրաբյանը հյուրին նվիրեց Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» գիրքը (պարզվեց, որ Թոմաս Բեյերը շատ լավ ծանոթ է վեպին), իսկ ուսանողուհի Մարիամ Դարբինյանն ընթերցեց բանաստեղծ Անդրեյ Բելիին նվիրված իր բանաստեղծությունը:

Այս համագործակցության նախաձեռնող, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ բուհերի միջև կզարգանա մասնագիտական, այդ թվում՝ միջազգային համագործակցությունը: Նրա խոսքով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաղուց ընկալվում է որպես գործունեության համար նպաստավոր միջավայր, որը թույլ է տալիս դատել նրա մրցունակության մակարդակի և ժամանակակից չափանիշներին համապատասխանության մասին:

Опубликовать материал
©2024 Все права защищены.