ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը (առաջարկված փոփոխություններով հանդերձ), ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

Քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025 թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու մասին (2024-2025 ուստարի) օրակարգային և ընթացիկ հարցեր:
ԵՊՀ ԻՄ 2025 թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը քննարկելիս Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետում ընդգրկել «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագիրը: Նշվեց, որ այդ կրթական ծրագրի վերաբերյալ իրականացվում է համապատասխան վերլուծություն, և նախապատրաստվում է լիցենզավորման փաթեթ: 
Օրակարգային այս հարցի համատեքստում պարոն Մակարյանը նաև խոսեց մասնաճյուղում լրացուցիչ կրթական ծրագրեր ներդնելու նպատակահարմարության մասին և ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պատրաստել առաջարկներ այդ ուղղությամբ:  
Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ Գիտական խորհուրդը որոշեց ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով կազմակերպել գիտական թեմաների հայտերի մրցույթ և հաստատել մրցույթի հրավերի փաթեթը՝ համաձայն հավելվածի: Մրցույթի հրավերի փաթեթն ընդգրկում է մրցույթի վերաբերյալ ընդհանուր դրույթներ, մասնակիցներին ներկայացվող պահանջները, ակնկալվող արդյունքները, հայտի ներկայացումը և այլ դրույթներ, որոնց թվում՝ Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ իրականացվելիք թեմաների 12-ամսյա ֆինանսավորման՝ նախատեսված առավելագույն ծավալները: Հայտերը կընդունվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ երկու արժանավոր ուսանողներին 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին մասնակցելու համար երաշխավորելուն:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշեց 2024 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին մասնակցելու համար երաշխավորել ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Եսայանին և ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանին:
 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: