2024 թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցութամբ վերազինված հետազոտական փորձասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկաների թվում էին Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը և կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի տնօրեն Հ. Բրուտյանը, բիզնես ոլորտից հրավիրված հյուրեր և մասնաճյուղի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ ԻՄ «Green Ground” թիմը 2022 թ. փետրվարին կայացած “Agro-Tech 2022” ստարտափի դրամաշնորհի մրցույթի եզրափակչում հաղթող ճանաչված թիմերից մեկն էր, որի կազմում էին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողներ Մովսես Մարդանյանը, Գառնիկ Խաչատրյանը, Հասմիկ Ստեփանյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Եսայանը և նույն ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախկին քարտուղար և այն ժամանակ (2022 թ.) մագիստրատուրայի ուսանողուհի Լուիզա Մադաթյանը: Թիմի ղեկավարն էր ԵՊՀ ԻՄ բնական գիտություննների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխ.գ.թ. Ռոբերտ Յոլչյանը: Մինչև եզրափակիչ հասնելը թիմն անցավ 4-ամսյա ինկուբացիոն շրջան, որի ընթացքում մյուս մրցակից խմբերի հետ ծանոթացավ այն ժամանակ դեռևս նոր տարածում գտնող ստարտափի անցկացման նրբություններին ու հանդես գալու պահանջներին: Ինկուբացիոն շրջանը կազմակերպված էր և անցավ անչափ հետաքրքիր, իսկ ձեռք բերված հմտությունները հետագայում շատ մեծ փորձ ու կարողություններ հաղորդեցին եզրափակչում հաջող հանդես գալու համար: Եզրափակչում հաղթելուց հետո թիմին հատկացված պարգևը տրամադրվեց նորագույն տեխնոլոգիական ու հետազոտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Մասնավորապես ձեռք բերվեցին քիմիական անալիզատորներ, պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարք և 3D տպիչ, CNC և գերժամանակակից դյուրակիր համակարգիչներ, արևային էլեկտրակայան և այլ արդիական սարքավորումներ: Սարքավորումների տեսակն ու տիպը ընտրել է թիմը՝ ելնելով ֆակուլտետում բնագիտական հետագա հետազոտությունների ու գիտատեխնիկական մշակումների բնույթից և թեմատիկայից:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո պարոն Յոլչյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի շրջանակներում ուսանողների մշակումները, ինչպես նաև պլանավորվող աշխատանքները, որոնց ժամանակ օգտագործվելու են տրամադրված և մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռք բերած սարքավորումները:
Ձևավորված տեխնոլոգիական բազան թույլ կտա առաջիկայում Բնական գիտությունների ֆակուլտետում իրականացնել առավել խորքային հետազոտություններ տարածաշրջանային բնապահպանական խնդիրների ուղղությամբ: Այդ գործում ներգրավված կլինեն ֆակուլտետի ուսանողները, ովքեր օրեցօր ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ծրագրավորման, թվային անվտանգության և ռոբոտատեխնիկայի կիրառական խնդիրների լուծումների նկատմամբ: