Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Ցանկանում ենք նախաձեռնողականություն և նպատակասլացություն, ուսումնատենչ ոգի, հիմնավոր գիտելիքներով, հետաքրքիր և համարձակ մտահղացումներով ու նախաձեռնություններով, վառ տպավորություններով լի ուսանողական հիշարժան տարիներ, անձնական ու մասնագիտական մեծ ձեռքբերումներ և հաջողություններ, ամենայն բարիք....

Տոնի նախապատմությունը

1939 թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները, շրջափակելով Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց: Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել: Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր: 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.