ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023 թ. դեկտեմբերի 28-ի հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգ և գործողությունների ծրագրով» նախատեսված է հանրության իրազեկվածության ապահովում պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ:

Այդ համատեքստում իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրով նախատեսված է անցկացնել «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնը՝ ներառելով քայլերթի, հեծանվաշքերթի, ծաղրանկարների ցուցադրության և հայկական ավանդական շուրջպարերի ֆլեշմոբային միջոցառումներ: Մարաթոնային այդ միջոցառումներով մեկնարկում է Արդարադատության նախարարության մեկամսյա արշավը՝ նվիրված ազդարարման համակարգի հանրայնացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին:

«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթած «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից և Արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը: Վերջինիս նպատակն է իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում:

2024 թ. նոյեմբերի 13-ին ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ հանրային իրազեկման դասընթաց, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի մասնագետ Է. Ղարայանը, բուհի տարբեր մասնագիտությունների շուրջ 3 տասնյակ ուսանողներ:

Դասընթացը վարում էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և թվային իրավունքի ավագ փորձագետ Արմեն Փարսադանյանը:

Նախ՝ մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը՝ կարևորելով ծրագիրը, անդրադառնալով նպատակին և խնդիրներին:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Ս․ Սողոմոնյանը մասնակիցներին ծանոթացրեց ազդարարման համակարգին, հանցագործությունների շրջանակին, ինչպես նաև պաշտպանության միջոցներին:

Թվային իրավունքի ավագ փորձագետ Ա. Փարսադանյանը ներկայացրեց այն եղանակները, որոնց միջոցով ազդարարողը կարող է իրեն անվտանգ և պաշտպանված զգալ:

Փորձագետների ուղերձը հետևյալն էր՝ «Ազդարարի՛ր. դու կարող ես կանխել կոռուպցիան»:

Դասընթացն անցավ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ՝ նպաստելով ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության ցուցանիշի և ազդարարման համակարգի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի դերի բարձրացմանը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: