ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Մայրենի լեզվի դասավանդման խնդիրները» թեմայով միջազգային խորհրդակցության, որը նախաձեռնել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական գիտական բազային կազմակերպության Հ. Իբրահիմովի անվան համալիր հետազոտական ինստիտուտը: Խորհրդակցությանը որպես փորձագետ հրավիրված էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը, որի մի շարք մասնագիտական հարցադրումներով և լրացումներով իրականացվեց փորձի տեսական փոխանցում ՌԴ գոյություն ունեցող ազգային տարբեր միավորների լեզուների պահպանության և տարաշերտ զարգացման ուղղություններով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գերիշխող լեզուների միջավայրում ընդգրկումային փոքր ծավալ ունեցող լեզուների գործառութայնության հարցերը: Մասնավորապես դիտարկվեցին հիմնական կրթությունը համապատասխան լեզուներով իրականացնելու ընթացքում առաջացող խնդիրները, արհեստական բանականության դրական և բացասական կողմերը լեզուների պահպանման հարցում, ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը բնական լեզուների պահպանության առումով: Քննարկվեցին հայերենի տարբեր ճյուղերի և դրսևորումների՝ օտարաբանություններից մաքրելու և լեզվի որակը բարձրացնելու ազգային փորձի և այդ փորձի փոխանակման հնարավորությունները:

Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում եղած ազգային փոքրամասնությունների ազգային լեզուների պահպանության և զարգացման խնդրին, որի հիման վրա զուգահեռ անցկացվեց Ռուսաստանում եղած ազգային տարբեր միավորների լեզուների դրության և կարգավիճակի հետ: 

Խորհրդակցությանը մասնակցող հայկական կողմից հարցադրումներ արվեցին բնական լեզվի ծրագրավորման վերաբերյալ: Մասնավորապես ներկայացվեց, որ լեզուների թվայնացումը կարող է լուրջ խթան լինել գոյության պահպանման խնդիր ունեցող լեզուների հարցում: Ռուսական մասնագետները մտահոգություն հայտնեցին առ այն, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում, երբ տեղեկատվության հիմնական հոսքը տեղի է ունենում գերազանցապես օտար լեզուներով, ենթակա ազգային միավորների մայրենի լեզուն հայտնվում է թույլ դիրքերում: Խորհրդակցությանը մասնակից հայ ներկայացուցիչները այս մտահոգությանը պատասխանեցին մասնագիտական խորհրդատվության դիրքերից՝ հավաստիացնելով, որ տվյալ լեզուներով տեղեկատվական շտեմարանի հարստացումը և հասանելիությունը կարող է նպաստել ոչ միայն լեզվի պահպանմանը, այլև տվյալ լեզվի գործառույթների ավելացմանը: Այդպիսով՝ հայկական փոձագետը լեզուների գոյապահպանման հարցում կարևորեց ոչ միայն լեզվի կարգավիճակը՝ որպես պետական լեզու, այլև տվյալ լեզուն կրող հասարակական միավորի ինքնագիտակցման, լեզվական պատասխանատվության և այն պահպանելու կարևորությունը գիտակցելու սեփական պատրաստակամությունը: Անդրադարձ կատարվեց հայերենի անցած ճանապարհին և նորմավորմանը հատկապես Խորհրդային Միությունից անկախացումից հետո, ինչպես նաև մատնանշվեցին ներկայումս ձեռնարկվող քայլերը հայկական սփյուռքում հայերենի պահպանության ուղղությամբ: Փորձագետը կարևորեց տվյալ պետության մեջ գերիշխող, մայրենի, պետական լեզվով կրթության կազմակերպումը, քանի որ պետության զարգացումը և կենսագործունեությունը գերազանցապես և բնականորեն կարգավորվում են տվյալ լեզվով: Միևնույն ժամանակ ենթակա լեզուները այս ընթացքին զուգահեռ կարող են ինքնակազմակերպվել՝ օգտագործելով ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, այդպիսով՝ պահպանելով սեփական որակը և ամբողջականությունը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: