- Главная
- Ճանաչողական այց և ինտելեկտուալ խաղ մասնաճյուղում
Աշակերտների համար կազմակերպվեց շրջայց։ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․ Աղաբաբյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Ա․ Չիբուխչյանը արվեստանոցներում աշակերտներին ներկայացրին քանդակի, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության ոլորտներում ուսանողների կատարած աշխատանքները։ Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Գ. Գուլակյանը Ագրոտեխնոլոգիական լաբորատորիայում աշակերտներին ծանոթացրեց ուսանողների հետազոտական աշխատանքներին ու տեխնոլոգիական մշակումներին։
Այնուհետև Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը Ուսանողական գիտական ընկերության հետ իրականացրեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը Ազատամուտի միջնակարգ դպրոցի 12 աշակերտների համար։
Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը և ՈՒԳԸ 3 անդամ։
Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում աշակերտներին տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 12 հարց։ Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում։
Երկրորդ փուլում մասնակիցները, 12-ից ընտրելով 2-ական թեմա, 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին։ Հաջորդ փուլ անցան Գոռ Մարտիրոսյանը, Ինգա Ալավերդյանը և Սեդա Քոքոբելյանը։
Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին։ Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Ինգա Ալավերդյանը։ Նա պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպը)։ Գոռ Մարտիրոսյանը և Սեդա Քոքոբելյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը՝ պարգևատրվելով պատվոգրերով։
Աշակերտները մեծապես տպավորված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցով, ինտելեկուալ խաղով և ցանկություն հայտնեցին, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական: