Իննա Գարիկի Թիրաբյանը ԵՊՀ ԻՄ «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա I և II կիսամյակների անվանական կրթաթոշակառու:
Իննան կարծում է, որ պատմաբանի մասնագիտությունն առանցքային է պետության կայացման գործում. «Այսօր մեր երկրի զարգացման ուղղություններից մեկն իրապես պատմաբանի մասնագիտությունն է, որը կարող է անշեղորեն պայքարել խարդավանքների դեմ, արդարացի հիմքերով վերհանել ճշմարտությունը, պահպանել ազգային ինքնագիտակցության ու դաստիարակության կարևորագույն արժեքները՝ նպաստելով ազգապահպանման գործընթացին»:
-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տարածաշրջանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն առաջարկում է հնարավորինս ճկուն ու համակարգված կրթական ծրագրեր: Կարևորագույն գործոն է, որ մեր մասնաճյուղը ստեղծում է ուսանողակենտրոն կրթական միջավայր, ինչը լավագույն հնարավորությունն է ինքնաիրացման և անկաշկանդ կրթության համար:
-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…
-Աստիճանական կերպով մասնագիտական երազանքն իրագործելու ճանապարհին կարևորագույն պայման է ցանկալի կրթական հաստատություն ընտրելը, որն արդեն հաջողվել է: Զուգակցելով այդ ճանապարհին երբեմն հանդիպող փորձություններն ու խնդրահարույց իրավիճակները՝ կարողացել եմ ավելի կոփվել և ըստ արժանվույն գնահատել մասնագիտությունս: Մասնագիտական երազանքիս իրականացման գործում որոշիչ դեր են ունեցել սերը հումանիտար ոլորտի նկատմամբ, պատմաբանի մասնագիտության հեռանկարայնությունը, բնավորությանս այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են անդրդվելի կամքն ու սկզբունքայնությունը:
-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…
-Հիմնարար կրթության առաջին քայլերս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցել են հարթ ու վճռական: Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի խոհեմ ու բազմիմաց դասախոսների շնորհիվ ուսումնառությունն ունեցել է հաճելի և սահուն ընթացք: Յուրաքանչյուր պահին նրանց ցուցաբերած պատրաստակամությունը մեզ հնարավորություն է տվել ավելի լավ յուրացնելու և արժևորելու մեր մասնագիտությունը: Բարձր գնահատանքը, վստահաբար, վերաբերում է նաև մյուս կրթական ծրագրերին, մասնագիտություններին ու դրանցում ավանդ ունեցող որակյալ մասնագետներին:
-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…
-Հաստատապես կարելի է պնդել, որ ուսանողական տարիները ԵՊՀ ԻՄ-ում անմոռանալի են, հագեցած կրթվելու, զուգահեռաբար ինքնազարգանալու լայն հնարավորություններով, հետաքրքիր որոնումներով, իրավիճակային ամենատարբեր դրսևորումներով: Առանցքային դերակատարում ունեն շփումները՝ նոր ընկերական շրջապատի և անպայմանորեն մտավորականության հետ անմիջական շփումները, որոնք ապահովում են սոցիալականացման անխախտ ու ճշգրիտ ընթացքը և չափազանց կարևոր են անձնային առաջընթացի համար:
-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…
-Պատմաբանի մասնագիտությունը, չնայած երբեմն երևան եկող խեղաթյուրված ու իրականությունից կտրված, անարժեք տեսակետներին, առանցքային է պետության կայացման գործում: Պետականամետ մտածողություն սերմանող և պատվելի արժեհամակարգ ձևավորող այս մասնագիտությունը ճիշտը սխալից, առաջնայինը երկրորդականից տարբերակելու գլխավոր միջոցներից մեկն է: Հատկապես մերօրյա իրականության պայմաններում, երբ անխուսափելի են անվտանգային սպառնալիքները, երբ օրեցօր տարածում են գտնում կեղծիքներն ու մեզ մեր սեփական արմատներից կտրելուն միտված հայացքներն ու տեսակետները, պատմության ու պատմաբանի դերակատարումն ավելի կենսական ու արժեքավոր է դառնում: Այսօր մեր երկրի զարգացման ուղղություններից մեկն իրապես պատմաբանի մասնագիտությունն է, որը կարող է անշեղորեն պայքարել խարդավանքների դեմ, արդարացի հիմքերով վերհանել ճշմարտությունը, պահպանել ազգային ինքնագիտակցության ու դաստիարակության կարևորագույն արժեքները՝ նպաստելով ազգապահպանման գործընթացին:
-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողին տալիս է բարձրակարգ կրթություն, մասնագիտական աճի համար անհրաժեշտ կարողունակություններ (մասնագիտության շրջանակներում հետազոտություններ, վերլուծություններ կատարելու, քննադատական մտածողությունը զարգացնելու կարողություններ և հմտություններ և այլն), անփոխարինելի մարդկային շփումների ընդգրկուն ցանց, անմոռանալի բովանդակալից օրեր, ապագայի արդյունավետ հեռանկարներ և այլն: