- Главная
- Սմոլենսկի պետական համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական երկխոսությունը գրականության և մշակույթի ոլորտում
Համաժողովում առանցքային էր «Գրականության և մշակույթի հայկական տեքստը» բաժանմունքը, որի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսները (պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը, Ելենա Շուվաևան) և ուսանողները: Բաժնի վարողներն էին Իրինա Վիկտորովնա Ռոմանովան և Ելենա Ալեքսեևնա Շուվաևան:
Սմոլենսկի պետական համալսարանի միջազգային համաժողովը, որն անցկացվում է ավելի քան քառորդ դար, այս անգամ միավորել էր 110-ից ավելի մասնակիցների՝ դասախոսների, հետազոտողների և ուսանողների յոթ երկրներից և տարբեր քաղաքներից:
Միջազգային համաժողովին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի 8 ուսանողներ, ովքեր իրենց դասախոս Ելենա Ալեքսեևնա Շուվաևայի գիտական ղեկավարությամբ պատրաստել էին զեկուցումներ՝ նվիրված հայ-ռուսական մշակութային կապերին և երկու ժողովուրդների գրական փոխազդեցություններին:
Նույն բաժանմունքի շրջանակներում Սմոլենսկի պետական համալսարանի ուսանողները, ուսումնասիրելով «հայերեն տեքստի» դրսևորումը ռուսական պոեզիայում, ներկայացրին իրենց հետազոտությունները, որոնք ունեին ժամանակագրական լայն ընդգրկում՝ դասական պոեզիայից մինչև ժամանակակից մշակութային զուգահեռներ: Նրանց ելույթները փաստեցին հայկական մշակույթի, գրականության և խորհրդանիշների ոլորտում ունեցած խորը գիտելիքների մասին: Սա զարմանալի չէ, քանի որ Սմոլենսկի համալսարանում Ի. Վ. Ռոմանովան և Լ. Վ. Պավլովան ավելի քան չորս տարի աշխատում են «Հայերեն տեքստը ռուսական պոեզիայում» նախագծի վրա՝ ակտիվորեն ներգրավելով ուսանողներին: Անցյալ տարի նրանց նվաճումներն արժանացան բրոնզե մեդալի ակադեմիկոս Ն. Յ. Մառի անվան հայագիտական մրցույթում, իսկ այս տարի «Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» հետազոտությունն արժանացավ ոսկե մեդալի:
Հարկ է նշել, որ Սմոլենսկի պետական համալսարանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը կբացի նոր հնարավորություններ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի համար: Այս երկխոսության զարգացման շրջանակներում մայիսի 29-ին Հայաստանում կկայանա ԵՊՀ ԻՄ ուսանողների հանդիպումը Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորներ Իրինա Վիկտորովնա Ռոմանովայի և Լարիսա Վիկտորովնա Պավլովայի հետ:
Սմոլենսկի և Իջևանի միջև գիտական երկխոսությունը ոչ միայն շարունակվում է, այլև խորանում է՝ նպաստելով նոր մշակութային տարածքի ձևավորմանը, որտեղ փոխազդում են ռուսական և հայկական ավանդույթները, և ուսումնասիրվում են տեքստերի, պատկերների և իմաստների խաչմերուկները:
Միջազգային համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: