2026 թ. սեպտեմբերի 10-11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակվեցին Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում» («ԴԻՋԻԹԵՔ») ծրագրի՝ Հայաստանում կազմակերպված պիլոտային դասավանդման աշխատաշրջաններն ու ծրագրային հանդիպումները:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի հանդիպումը: Մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը՝ կարևորելով միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը կրթական գործընթացում:

Այնուհետև միջազգային գործընկերները ծանոթացան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, որից հետո մեկնարկեցին պիլոտային դասընթացները:

Մարիբորի համալսարանի դոկտոր Թինա Բերանիչը վարեց «ԳԻԹ» թեմայով պիլոտային դասընթացը:

Սեպտեմբերի 11-ին Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի դոկտոր Մարինա Թրոպման-Ֆրիկը վարեց «Արհեստական բանականություն» թեմայով դասընթացը, նույն համալսարանի դոկտոր Մարտին Շուլցը՝ «Բիզնես վերլուծություն տվյալների պահեստավորում, տվյալների արտաբերում, փոխակերպում և բեռնում, տեղեկատվական վահանակներ» թեմայով:

Ծրագրի մշակութային հատվածում միջազգային գործընկերներն այցելեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան տեղական գինու և կոնյակի արտադրության ավանդույթներին:

Մասնակիցներն այցելեցին նաև Մակարավանքի վանական համալիր՝ ծանոթանալով Տավուշի պատմամշակութային ժառանգությանը:

Երկօրյա միջոցառումների շրջանակում իրականացվեցին մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակում, ծրագրի հետագա քայլերի քննարկում և միջազգային գործընկերների ծանոթություն Տավուշի պատմամշակութային ու տեղական արտադրական ավանդույթներին:

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH #Automation #AIandML #Barchelor #Robotics 

Опубликовать материал
©2026 Все права защищены.