2026 թ. սեպտեմբերի 29-ին Իջևանում անցկացվեցին համայնքների միջև փորձի փոխանակման հանդիպում և ուսումնական այց՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի «Համայնքների վարչական մարմինների տեխնիկական կարողությունների ամրապնդում՝ հանրային ենթակառուցվածքներում ՎԷ և ԷԱ ինտեգրված լուծումներ ներդնելու նպատակով» նախաձեռնության շրջանակում:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացրեց վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ մասնավորապես կենտրոնական մասնաշենքի տանիքին տեղադրված 40 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի ներդրման և շահագործման փորձը:

Մասնաճյուղի ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի իրականացման փուլերը, կիրառված տեխնիկական լուծումները, գնումների և տեղադրման գործընթացը, համակարգի շահագործման ու սպասարկման կազմակերպումը, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում քաղված հիմնական դասերը: Ընդգծվեց աշխատանքների փուլերի և ժամկետների նախնական հստակ պլանավորման, գնումների գործընթացից առաջ տեխնիկական պահանջների հստակեցման և պատվիրատուի, մատակարարի ու տեղադրող կազմակերպության միջև շարունակական համագործակցության կարևորությունը:

Հանդիպման շրջանակում ծրագրի մասնակից տարբեր համայնքների ներկայացուցիչներն ուսումնական այց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ տեղում ծանոթացան արևային ֆոտովոլտային համակարգին, դրա իրականացման և շահագործման փորձին: Այցի ընթացքում քննարկվեցին նաև համակարգի շահագործմանն առնչվող տեխնիկական հարցեր և ձեռք բերված փորձի կիրառման հնարավորությունները նմանատիպ նախաձեռնություններում:

Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Опубликовать материал
©2026 Все права защищены.