2026 թ. հոկտեմբերի 17-18-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և ֆրանսիական «Կինոմե» (“Kinomé”) կազմակերպության համագործակցությամբ տեղի ունեցան հանդիպում-քննարկում և աշխատաժողով՝ նվիրված Տավուշի անտառների պահպանությանն ու վերականգնմանը, ինչպես նաև բնության պահպանության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աշխատակիցների և «Կինոմե» կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին անտառների պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները և համալսարանի դերը Տավուշի անտառների և բնության պահպանության գործում։

«Կինոմե»-ն ֆրանսիական կազմակերպություն է, որը մասնագիտացած է անտառների պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և տարածքների կայուն զարգացման ոլորտներում՝ համադրելով շրջակա միջավայրի պաշտպանությունը տեղական համայնքների բարեկեցության հետ։

Հոկտեմբերի 18-ին կայացավ աշխատաժողովը, որին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության, «Դիլիջան» ազգային պարկի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ։

Աշխատաժողովը համատեղում էր տեսական և գործնական բաղադրիչներ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնելու իրենց փորձն ու գաղափարները, քննարկելու ոլորտում առկա մարտահրավերները։ Մասնակից կառույցներից յուրաքանչյուրը ներկայացրեց Տավուշի անտառների պաշտպանության և պահպանության գործում իր դերակատարումը, իրականացվող աշխատանքներն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Հանդիպումների և աշխատաժողովի ընթացքում կարևորվեցին տարբեր կառույցների միջև համագործակցության ամրապնդումը, անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների զարգացումը և տեղական ներուժի արդյունավետ օգտագործումը։

Կայացած հանդիպումներն ու ակտիվ քննարկումները կարևոր հարթակ էին փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և հետագա համագործակցության հնարավորությունների բացահայտման համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Տավուշի անտառների երկարաժամկետ պահպանությունը պահանջում է համատեղ ջանքեր, համակարգված մոտեցում և համայնքների ակտիվ ներգրավվածություն:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.