2023 թ․ նոյեմբերի 9-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց կարիերայի խթանման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում մասնաճյուղի ուսանողները ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի, կենտրոնի աշխատակիցների և ԵՊՀ ԻՄ ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանի հետ շրջայց կատարեցին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացան գործարանի պատմությանը և գործունեությանը, գինու և կոնյակի ամենապահանջված և արվեստի գործ համարվող նմուշներին: Գործարանի աշխատակցուհին համալսարանականներին նաև ներկայացրեց հետագայում գինու թանգարանի և դեգուստացիոն սրահի կառուցման մասին, որը լավ հնարավորություններ կընձեռի մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում:

Այնուհետև ուսանողները հանդիպեցին «Դը Գուրուս», «Արմենիա ինշուրանս» և «Միասնական սոցիալական ծառայություն» կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: «Դը Գուրուս» ընկերության HR մենեջեր Անի Խաչատրյանը և մարքեթինգի մենեջեր Արմենուհի Հարությունյանը ուսանողներին ներկայացրին իրենց կողմից իրականացվող անվճար դասընթացների և ընձեռվող հնարավորությունների մասին: «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության տարածաշրջանային վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Նարեկ Գուլքանյանը և մասնագետ Վլադիմիր Նանյանը ներկայացրին իրենց ընկերությունում առկա աշխատանքային հնարավորություններն ու պրակտիկաները: Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը ներկայացրեց զբաղվածության պետական աջակցության ծառայությունները:

Համագործակցության շրջանակներում մասնաճյուղի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպություններում հետագա թափուր հաստիքների առկայության դեպքում տեղեկացնել մեր ուսանողներին և շրջանավարտներին:

Այնուհետև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, թե որ կազմակերպությունների հետ է այն համագործակցում: «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթացի շրջանակներում կենտրոնի մասնագետներ Մարինե Մարգարյանը և  Արուսյակ Սահակյանը  մասնաճյուղի ուսանողներին ներկայացրին գրագետ CV կազմելու, պատշաճ կերպով հարցազրույցի ներկայանալու կանոնները և նրբությունները: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետ Ժաննա Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի կողմից տրամադրվող աշխատանքային և պրակտիկայի հնարավորությունների մասին տեղեկատվություն:

Մասնաճյուղի ուսանողները շատ տպավորված էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով, Իջևանի գինու և կոնյակի գործարան այցով ու ցանկություն հայտնեցին, որ այդպիսի միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն:

https://shorturl.at/bpR45

Опубликовать материал
©2024 Все права защищены.