ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է ամրապնդել միջբուհական կապերը, զարգացնել բաց ակադեմիական երկխոսությունը և ստեղծել ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ պայմաններ՝ համահունչ ժամանակի մարտահրավերներին: Այս համատեքստում հետևողականորեն զարգանում է նաև հայկական և ռուսական բուհերի առաջատար դասախոսների մասնակցությամբ համատեղ առցանց դասախոսությունների կազմակերպման ավանդույթը:

2026 թ. նոյեմբերի 26-ին «Հրավիրյալ պրոֆեսոր» ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար իրականացվեց «Մանկավարժական գործընթացը XXI դարում․ ձևավորման փուլերից մինչև թվային փոխակերպում» թեմայով բինար դասախոսությունը: 

Zoom հարթակում այն համատեղ վարեցին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Նատալյա Իգորևնա Սոկոլովան և ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Միխայլովնա Մինասյանը:

Դասախոսության թեման առանձնահատուկ արդիականություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բուռն զարգացման պայմաններում: Անդրադարձ կատարվեց մանկավարժական գործընթացի զարգացման փուլերին, ժամանակակից կրթական միտումներին, ինչպես նաև արհեստական բանականությունը դասավանդման գործընթացում արդյունավետորեն կիրառելու հնարավորություններին:

Մասնակիցների առանձնահատուկ հետաքրքրությունն առաջացրեց «Արհեստական բանականությունը՝ ձեր անձնական թվային օգնականը» թեման: Ուսանողները ծանոթացան արհեստական բանականության կիրառման հնարավորություններին՝ ուսումնական նյութը սովորողների անհատական կարիքներին համապատասխանեցնելու, ինտերակտիվ առաջադրանքներ մշակելու, ստեղծագործական կրթական գաղափարներ ձևավորելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Քննարկման կարևոր բաղադրիչներից էր նաև մանկավարժական գործունեության մեջ արհեստական բանականության գրագետ, էթիկական և պատասխանատու կիրառման հարցը: Ընդգծվեց, որ թվային գործիքները չպետք է փոխարինեն դասախոսին, այլ պետք է ընդլայնեն նրա մասնագիտական հնարավորությունները՝ նպաստելով սովորողների քննադատական մտածողության, ստեղծագործական ներուժի և ինքնուրույնության զարգացմանը:

Դասախոսությունն անցավ մասնագիտական ակտիվ երկխոսության և հետաքրքիր քննարկումների մթնոլորտում: Ուսանողները հանդես եկան հարցերով, արտահայտեցին սեփական տեսակետները և ակտիվորեն մասնակցեցին ծավալված քննարկմանը: Դասախոսության վերջում նրանք կատարեցին թեստային առաջադրանքներ՝ ցուցաբերելով լավ արդյունքներ և ներկայացված նյութի յուրացման բարձր մակարդակ:

Նման կրթական նախաձեռնությունները ոչ միայն ընդլայնում են բուհերի միջև ակադեմիական համագործակցության հնարավորությունները, այլև նպաստում են ապագա մասնագետների՝ արագ փոփոխվող կրթական միջավայրում կողմնորոշվելու և ժամանակակից մարտահրավերներին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու գործընթացին:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: