- Главная
- Կայացավ «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը
2022թ. դեկտեմբերի 16-ին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը:
Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի անձնակազմը, մասնաճյուղի այլ աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լ.Թումանյանը` մասնավորապես նշելով, որ հայ բարբառները ազգային, պատմական ու ժառանգաբար մեզ հասած արժեք են, որոնք առաջին հերթին գոյություն ունեն ազգային ավանդույթներին հավատարիմ մնալու և հայրենասիրության, ծննդավայրի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ:
Այնուհետև միջոցառմանը մասնակցող շնորհալի ուսանողները հանդես եկան տարբեր ճյուղերի բարբառների մասին ակնարկային տեղեկություններով, ասմունքով: Նրանք տարբեր բարբառներով ներկայացրին խաղիկներ, հանելուկներ, անեկդոտներ, Համշենի, Վանի, Ղարաբաղի բարբառներով երգեր («Գարմի», «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն», «Ինձ ասում են նախշուն բաջի»):
Միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդեցին ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի թատերական խմբակի ներկայացուցիչների կողմից կատարված երգիծական, դրամատիկական, հեքիաթային փոքրիկ բեմականացումները, որտեղ հերոսներն ու կերպարները խոսում էին Արարատյան կամ Երևանի, Կարնո, Պոլսի, Թիֆլիսի, Ղարաբաղի բարբառներով:
«Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով միջոցառումը գեղարվեստորեն հաստատեց լեզվաբանների այն կարծիքը, որ մեր բարբառները գանձ են, որ հարստացնում են մեր ոսկեղենիկ հայերենը, և դրանք դեռ երկար ուսումնասիրության նյութ կլինեն, քանզի երբեք չեն մոռացվում, այլ փոփոխվում են, մոռացված հներն են բացահայտվում՝ պահելով բառի ու խոսքի համն ու հոտը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտելով բարձր մակարդակով ու մեծ գեղարվեստականությամբ աչքի ընկնող միջոցառման կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով կազմակերպչին՝ տիկին Լուսինե Թումանյանին, բոլոր մասնակիցներին: