ԵՊՀ իջևանի մասնաճյուղի ուսանողների համար ս.թ. դեկտեմբերի 10-ին “Learn to speak in public” («Սովորեք խոսել հրապարակայնորեն») թեմայով առցանց դասախոսություն կարդաց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սերգեևնա Չիկիլևան:

Դասախոսությունն իրականացվել է Ֆինանսական համալսարանի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակներում, կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանի և նույն ամբիոնի պրոֆեսոր Ս.Մինասյանի կողմից:

Պրոֆեսոր Չիկիլևան դասախոսության ընթացքում ներկայացրեց իր հեղինակած «Անգլերենը հանրային խոսքում» (“English for Public Speaking”) դասագիրքը, որը հասցեագրված է բոլորին, ովքեր խոսում են անգլերեն և ցանկանում են սովորել հրապարակային խոսքի արվեստը:

Բանախոսն ընդգծեց, որ մասնագիտական հաջողությունը մեծապես կախված է հրապարակայնորեն խոսելու և ասվածը քննադատաբար ընկալելու կարողությունից: Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ պետք է խոսել հրապարակավ: Գլոբալիզացիայի դարաշրջանում աճում է հանրության առաջ անգլերենով խոսելու անհրաժեշտությունը, քանի որ վերջինս միջազգային հաղորդակցության լեզու է:

Լ. Ս. Չիկիլևան նշեց, որ անգլախոս երկրներում կան հանրային խոսքի դասավանդման դարավոր ավանդույթներ: Ռուսաստանում շատ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ իրականացնում են անգլերենով հրապարակախոսության մրցույթներ: Ակումբներ են ի հայտ գալիս, որոնք նպատակ ունեն զարգացնելու իրենց անդամների հաղորդակցման, հրապարակային խոսքի և առաջնորդության հմտությունները:

Դասախոսությունն ուղեկցվում էր պատկերազարդ տեսանյութերով, որոնք զգալի հետաքրքրություն էին ներկայացնում ուսանողների համար:

Լ. Ս. Չիկիլևան ունկնդիր ուսանողներին ներկայացրեց հռետորության գաղտնիքները՝ դրդելով նրանց ուսումնասիրելու և տիրապետելու հանրային խոսքի հմտություններին:

Ք․Հարությունյանը վերջում շնորհակալություն հայտնեց Լ. Ս. Չիկիլևային՝ հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Опубликовать материал
©2024 Все права защищены.