ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2022թ. դեկտեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի կողմից 1992-ին հռչակված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ, ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի կողմից անցկացվեց «Ի՞նչ է հաշմանդամությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցեցին Իջևանի դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտական թիմերը:
Դաս-քննարկման ընթացքում շոշափվեցին հետևյալ հարցերը՝ «Ի՞նչ է հաշմանդամությունը», «Որո՞նք են հաշմանդամության մոդելները», «Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ», «Որո՞նք են հաշմանդամ մարդկանց իրավունքները»:
Մասնավորապես՝ գործնական օրինակների հիման վրա ներկայացվեցին հաշմանդամության մոդելները, ընդգծվեց, թե որ մոդելն է ընկած ներառական կրթության հիմքում:
Ծավալվեց քննարկում ներառական կրթության շուրջ, պարզաբանվեց, թե ինչպես ճիշտ խոսել հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Խոսվեց բոլորի և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, մատնանշվեցին այն իրավունքները, որոնք ամենից հաճախ են ենթարկվում ոտնահարման:
Թիմերին ներկայացվեց իրավիճակային խնդիր և հանձնարարվեց գտնել դրանց լուծման ուղիները: Իրականացվեց մանկավարժական իրավիճակի բեմադրություն՝ դերային խաղի տեսքով: