image (1)

-Պարո՛ն Հովհաննիսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իմ գործունեությունը սկսվել է 2010 թվականների սկզբին. նախ որպես ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ապա ամբիոնի աշխատակից ու ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

-Ցանկացած աշխատանքում կան որոշակի դժվարություններ: Միայն այդ դժվարությունների հաղթահարմամբ է հնարավոր արձանագրել դրական արդյունքներ ու հաջողություններ: Շատ կարևոր է, որ լինի կամք դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Բացի այդ, համալսարանում շրջապատված եմ եղել այնպիսի գործընկերներով, ովքեր հեշտացրել են դժվարությունների հաղթահարումը. էլ չեմ խոսում այն հրաշալի մթնոլորտի մասին, որի առկայությունը նպաստել է հաղթահարման գործընթացին:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

-Սովորաբար դժվարին են համարվում անցումային ժամանակները: Նույնիսկ անեծք կա՝ «Անիծում եմ, որ ապրես անցումային ժամանակաշրջանում»: Կարծում եմ՝ ամեն մի ժամանակաշրջան ունի իր դժվարությունները: Որպես կանոն՝ մարդիկ հիշում են անցյալի լավ դրվագները, իսկ ներկայի՝ դժվարություններն ու վատ կողմերը: Անցումային ժամանակներն ունեն մի հրաշալի կողմ. ի ցույց են դնում, թե ով ով է: Ուրիշ ժամանակներում դա այդքան շուտ չի բացահայտվում:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

-Համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր հիշարժան է ինձ համար: Խորապես սիրեցի համալսարանը, մարդկանց: Հետաքրքիր դեպքերն ու պատմություններն այնքան շատ են, որ, իսկապես, կդժվարանամ առանձնացնել որևէ մեկը: Հետաքրքիր ու բովանդակալից առօրյա է ամբիոնային կյանքը: Անջնջելի ու տպավորիչ են նաև քոթեջում անցկացրած օրերը, երբ դասերից հետո տնօրեն պարոն Սամվել Առաքելյանի մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել ամենատարբեր թեմաներով: Կատակով ասում էի՝ սա էլ մեր «Վերնատունն» է: Իմ մեծ ձեռքբերումը նոր բարեկամներն են: Նաև նրանց գոյությունն է, որ կապում է ինձ համալսարանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Սիրում եմ կարդալ: Առանց վարանելու կարող եմ ասել, որ կյանքում հասած ամեն մի հաջողության համար պարտական եմ նախ գրքերին: Սիրում եմ սպորտ, մանավանդ՝ ֆուտբոլ խաղալ (բուհերի դասախոսների միջև անցկացված մրցաշարի հաղթող): Սիրում եմ ինտելեկտուալ խաղեր, մասնակցել եմ «Համայնքապատկեր», «Հարցամարտ» հեռուստախաղերին (2000թ. մեր թիմը դարձավ մրցաշարի հաղթող):

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Իմ ընտանիքը սովորական հայկական ընտանիք է՝ ազգային իր բոլոր դրսևորումներով: Կինս, ով նաև համակուրսեցիս է, աշխարհագրության ուսուցչուհի է, ընդ որում՝ շատ հարգված, ունի «Ստեղծագործ ուսուցիչ» կոչում: Նա մեծ դերակատարում ունի իմ շատ ու շատ հաջողությունների ու ձեռքբերումների համար: Տղաս և աղջիկս ունեն տնտեսագիտական կրթություն, ավարտել են ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Նրանք էլ ունեն տղա և աղջիկ: Թոռնիկներս բոլորն էլ դպրոցական են: Իմ լավ ընտանիքն իմ կյանքում ամենամեծ հարստությունն ու ձեռքբերումն է, երջանկության բանաձևի կարևոր բաղադրիչը (մյուսը լավ աշխատանքն է):

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Ցանկացած դժվարություն պետք է ձգտել հաղթահարել, այլ ոչ թե որոնել դրանք շրջանցելու ճանապարհներ: Իրական հաջողության հասնում են նրանք, ովքեր փնտրում-գտնում են դժվարությունները հաղթահարելու միջոցներ: Ի դեպ, ասում են, որ ընթանալով դժվարությունների ճանապարհով՝ դու մրցակցության չես հանդիպի: Չէ՞ որ մարդկանց մեծ մասն այդ ընթացքում ընտրած կլինի հեշտ ճանապարհը: Ա՛յ այնտեղ մրցակցությունը շատ մեծ կլինի: Դժվարությունները հաղթահարելով նպատակին հասած մարդիկ, անկասկած, ի վերջո դառնում են պահանջված, բարձր որակներով օժտված:  

-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Մարդու համար ոգեշնչման աղբյուրները կարող են բազմաթիվ լինել՝ բնությունը, ընտանիքը, ընկերները, սիրած էակը և այլն: Դրանց կողքին շատ կարևորում եմ  օգտակար, պիտանի լինելու միտքը, զգացումը: Եվ այդ իմաստով լիովին համակարծիք եմ «Մարդը տալով է հարուստ» ասույթին:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Նախընտրած կարգախոսները շատ են, օրինակ, «Բարձրացնելով՝ բարձրացիր», սակայն առավել հաճախ՝ «Ոսկե կանոնով»:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

-Անմնացորդ նվիրվե՛ք բուհին, հպարտությամբ կրե՛ք համալսարանի աշխատակցի անունը, գտե՛ք միջոցներ է՛լ ավելի բարձրացնելու բուհի վարկանիշը: Գիտակցե՛ք բուհի ռազմավարական կարևորագույն նշանակությունը տարածաշրջանի համար: Հիշե՛ք՝ մարդը տալով է հարուստ և բարձրացնելով՝ բարձրանում է:

 

 

Опубликовать материал
©2024 Все права защищены.