Խոր վշտով հայտնում ենք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հիմնադիր, Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր, ՈԱԱԿ-ի փորձագետ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը։
Վ․Բրուտյանը ծնվել է 1962թ․ մարտի 18-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։
1969-1979 թվականներին սովորել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում։
1979-1983 թթ․ ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի բաժնում՝ այն ավարտելով գերազանցության դիպլոմով։
2001-2004 թթ․ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ։
2009թ. հունվարին ԱՄՆ-ում անցել է վերապատրաստում` «Համալսարանական
վարչարարությունը Միացյալ Նահանգներում» ծրագրով։
2014-2018 թթ․ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոկտորանտ էր։
1983-1996 թթ․ աշխատել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, այնուհետև` տնօրեն։
1991-1994 թթ․ մասնակցել է ՀՀ հյուսիսարևելյան շրջանների պաշտպանությանը։
1996-2001 թթ․ աշխատել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում որպես քիմիայի ամբիոնի դասախոս։
1996-2001 թթ․ եղել է ՌԴ Իվանտեևյան համալսարանի Վանաձորի մասնաճյուղում որպես դեկան` համատեղությամբ։
2001-2005 թթ․ եղել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դեկան և ուսումնական մասի վարիչ։
2005-ից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորն էր։
2010-ից համատեղության կարգով դասախոսում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։
Նույն թվականից ՈԱԱԿ-ի փորձագետ էր։
2011 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի ղեկավարն էր։
2012-ից աշխատում էր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես դասախոս։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Վ. Ա. Բրուտյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Սերունդների կրթության և դաստիարակության գործի անմնացորդ նվիրյալի, 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով ուսանողների համար մանկավարժության գաղտնիքները տանող փակ դռները բացած մեծ մանկավարժի և դասախոսի, վաստակավոր գիտնականի, ազնվագույն մարդու կերպարը օրինակ կծառայի մեզ համար, և նրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում։
Աստված Ձեր հոգին լուսավորի, ննջեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Բրուտյան․․․