2019թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Պատմություն» մասնագիտության բարձր կուրսերի ուսանողներ:
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ վերհանել պատմաբանի դերն ու նշանակությունը, ընդգծել տվյալ մասնագիտության կարևորությունը:
«Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Պատմաբանի օրվա առթիվ հանդես եկան զեկուցումներով:
Թամարա Ջանվելյանը ներկայացրեց «Հայոց այբուբենի ստեղծումը» թեմայով զեկուցում՝ խոսելով գրերի ստեղծման հանգամանքների և Հայաստանում տվյալ շրջանում տիրող իրավիճակի մասին:
Մեդորա Ասիլյանը հանդես եկավ «Հայաստանի առաջին հանրապետություն» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով վերջինիս ստեղծմանը, կառուցվածքին և բացառիկ նշանակությանը:
Իննա Մարտիոսյանը ներկայացրեց Արցախյան պատերազմի մասին՝ խոսելով ռազմական գործողությունների և պատերազմում սփյուքահայերի մասնակցության վերաբերյալ:
Վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը, ուսումնական գործընթացում կարևորելով նման միջոցառումները և շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին: