2019թ. փետրվարի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի աշխատակիցները հանդիպում ունեցան մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր դասախոսների հետ քննարկել բաժնի կողմից մշակված «Դասընթացի գնահատման հարցաթերթ»-ի տարբերակը, որը նախապես ուղարկվել էր ամբիոններ՝ հարցաշարի վերաբերյալ դասախոսների կարծիքները և առաջարկները հավաքագրելու համար:

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը նշեց, որ քննարկման ներկայացված հարցաշարով ուսանողները գնահատելու են մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու, մասնագիտական ոլորտի արդի ընդհանրացումներ և եզրակացություններ կատարելու, տարբեր դասընթացներից ձեռք բերած տեղեկությունները իրար կապելու վերաբերյալ  տվյալ դասընթացի ընձեռած հնարավորությունները:

Հարցաթերթը ուսանողներին կտրամադրի դասախոսը տվյալ դասընթացի ավարտին: Հարցումն անանուն է, ինչը ուսանողներին թույլ կտա անկաշկանդ արտահայտելու իրենց կարծիքները:

Ընդգծվեց, որ ուսանողների անկեղծ և օբյեկտիվ պատասխանների վերլուծությունը հնարավորություն  կտա դասավանդողին՝ 

  • մշտադիտարկել և վերանայել իր դասավանդած դասընթացի ծրագրի կամ նրա առանձին բաժինների արդյունավետությունը,
  • օբյեկտիվորեն ուսումնասիրել և վերլուծել դասընթացի արդյունքները,
  • առանձնացնել դասընթացի ուժեղ և թույլ կողմերը,
  • բարելավել դասընթացը:

Մ.Ճաղարյանի կողմից հարցաշարի ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Մասնակիցներն արտահայտեցին հարցաթերթում ներկայացված հարցերի քանակի, բովանդակության, ձևակերպումների վերաբերյալ իրենց կարծիքները:

Դասախոսներն առաջարկեցին կրճատել հարցերի քանակը (հասցնել մինչև 10-ի), որոշ հարցեր միավորել և ձևակերպումները պարզեցնել՝ ուսանողների համար առավել ընկալելի լինելու նպատակով:

Մի քանի դասախոսներ առաջարկեցին ուսանողների հետ հարցումն անցկացնել որոշակի ընտրանքով: Եղավ նաև առաջարկ, որ հարցաթերթի ընդհանուր օրինակի հիման վրա դասախոսները, ելնելով իրենց դասընթացի յուրահատկություններից, իրենք մշակեն իրենց հարցաշարը:

Ներկայացված հարցաշարի 6-7 հարց հավանության արժանացավ դասախոսների կողմից, և նրանք առաջարկեցին այդ հարցերն անպայման ընդգրկել գնահատման թերթիկի վերջնական տարբերակի մեջ:

Հանդիպման վերջում տիկին Ճաղարյանն առաջարկեց սեղմ ժամկետներում (2-3 օրվա ընթացքում) ամբիոններում ևս մեկ անգամ քննարկել հարցաշարը և առաջարկները ներկայացնել ՄԿՈԱ բաժին, որտեղ բոլոր առաջարկների և կարծիքների հիման վրա կկազմվի հարցաշարի վերջնական տարբերակը:

Բաժինը նպատակ ունի դասընթացի գնահատման հարցաթերթի վերջնական տարբերակը մինչև փետրվարի վերջը փորձարկել 1-ին կիսամյակի տարբեր կրթական ծրագրերի մի քանի դասընթացների համար, որպեսզի պարզվի նաև ուսանողների կողմից հարցաշարի ընկալելիության մակարդակը:

Опубликовать материал
©2024 Все права защищены.