2025 թ․ հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության շրջանակներում իրականացվեց «Արհեստական բանականության գրագիտություն և պատասխանատու կիրառություն ուսուցիչների համար» թեմայով դասընթացի առաջին հանդիպումը:
Դասընթացին մասնակցեցին Տավուշի մարզի տարբեր դպրոցների 15 ուսուցիչներ։ Այն վարեցին «EducationUSA» խորհրդատու Իննա Ղաբուլյանը և
«Harvard, Ed.M.» շրջանավարտ Լիդա Ասիլյանը:
Հանդիպման սկզբում դասընթացավարները ներկայացրին իրենց, որից հետո ուսուցիչները ներկայացան և խոսեցին արհեստական բանականության իրենց փորձառությունից:
Ուսուցիչները ծանոթացան արհեստական բանականության գործիքներին և դասապրոցեսում դրանց ճիշտ օգտագործման ձևերին:
Ներկայացվեց, թե արհեստական բանականության գործիքակազմն օգտագործելով՝ ինչպես կարելի է նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զարգացնել ստեղծագործ մտածողությունը:
Դասընթացի հաջորդ հանդիպումները կիրականացվեն առցանց ձևաչափով, իսկ վերջում ուսուցիչները կներկայացնեն ավարտական պորտֆոլիո, որը կարտացոլի դասընթացի ժամանակ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:
Հանդիպման վերջում ուսուցիչներն արտահայտեցին իրենց տպավորությունները և շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին՝ նման հետաքրքիր և արդիական թեմայով դասընթաց անցկացնելու և գիտելիք փոխանցելու համար: