2025 թ. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարաններին ծանոթացում և գիտական գրականության օգտագործման հմտությունների բարելավում» թեմայով բանախոսություն, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Այն վարեց գրադարանի վարիչ Վ․ Պողոսյանը։

Բանախոսը ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարանները, դրանց հնարավորությունները և կիրառականությունը գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում։

Նշվեց, որ հետազոտական կարողությունների բարելավման և գիտական գրականության, ինչպես նաև սկզբնաղբյուրների կիրառականության տեսանկյունից Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն ամբողջությամբ հնարավորություն են տալիս օգտվելու  հայալեզու հիմնական գրականությունից և մամուլից։

Շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, դրանցից օգտվելու և փնտրելու հնարավորությունները։ Նշվեց, որ «Հայ մամուլ» շտեմարանում առնանց տարբերակով ներակայացված են 7 միլիոն և ավելի էջ հայալեզու թերթեր և ամսագրեր, որոնք հատկապես մեծացնում և ընդլայնում են հետազոտողների հետաքրքրվածությունը, տարբեր թերթերից և ամսագրերից օգտվելու և տեղեկույթի առցանց հավաքագրման հնարավորությունները։ Հատկապես կարևորվեց Իջևանում հրատարակված թերթերի առցանց տարբերակների հասանելիությունը, որը ոչ միայն կարևոր է տարածաշրջանի և քաղաքի պատմության ուսումնասիրության, այլև ուրիշ գիտակարգերի հետազոտողների հետաքրքրությունների և գիտական բազայի ձևավորման համար։

Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով․ մասնակիցները Վ․ Պողոսյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: