- Главная
- Համալսարանականները մասնակցեցին «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացին
2018թ. նոյեմբերի 15-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթաց, որը վարում էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը և լրագրության խմբի ուսանողները:
Դասընթացի նպատակն էր ներկայացնել ՀՀ կողմից ընդունված տեղեկատվության ազատության միջազգային նորմերը:
«Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացի ժամանակ մասնավորապես ներկայացվեց, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունի: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից:
Ընդգծվեց, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Նշվեց, որ ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 15-ից:
Ներկայացվեց, որ տեղեկատվությունը լինում է պրոակտիվ և ռեակտիվ հրապարակումով, և թե ովքեր են տեղեկատվության տնօրինողները:
Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: