- Главная
- Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում
2018թ. հոկտեմբերի 1-20-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի (Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի) թվով 31 հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:
Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակիցներ Ս.Ալավերդյանը և Ա.Մանուչարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Սիմոնյանը, նույն ամբիոնի դասախոս Մ.Ամիրզյանը, շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է.Ղարայանը, դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Հանդիպումների նպատակն էր մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնել հանրակրթական դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ:
Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու ֆակուլտետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդունելության պայմաններն ու արտոնությունները:
Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահպանություն և բնօգտագործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերին), քննական առարկաները, ընդունելության քննություններում կատարված փոփոխությունները: Հատուկ ուշադրություն է հրավիրվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի խնդիրները:
Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից: Բերքաբերի և Գանձաքարի միջնակարգ դպրոցներում ամբիոնների վարիչներ Վ.Ավագյանը և Գ.Սիմոնյանը հանդես են եկել թեմատիկ քննարկումներով:
Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, սահմանամերձ բնակավայրերի ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:
Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական: