2018թ. հուլիսի 10-ին կայացավ «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2017-18 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 271 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը նախորդեց Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Գիտխորհրդի անդամները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի՝ 2017-2018 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական աշխատանքային նորմերին, ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխություններին, աշխատողներին
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգին վերաբերող մի շարք հարցեր:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորման և ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման 2018թ. հարցման արդյունքները:
Գիտխորհրդի նիստից հետո ԵՊՀ ԻՄ-ի բակում հավաքված համալսարանականները (ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ) քայլերթով շարժվեցին Իջևանի շատրվանների հրապարակ:
Քաղաքի սրտում էլ տեղի ունեցավ մասնաճյուղի՝ 2018թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. շրջանավարտների համար ամենասպասված և ամենանշանավոր օրը դարձավ համաքաղաքային տոն:
Տոնական միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների գունեղ աշխատանքների ցուցահանդեսով և ԵՊՀ մշակույթի կենտրոնի (տնօրեն՝ Կարինե Դավթյան) կողմից կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:
Հանդիսավոր արարողությունը բացվեց աղոթքով ու օրհներգով:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի անունից օրհնության խոսքով ու աղոթքով հանդես եկավ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը՝ շնորհավորելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. շրջանավարտներին:
ՀՀ օրհներգը կատարեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան):
Նաիրյան վեհ նազանքով, ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի (գեղ. ղեկավար՝ Անի Հարոյան) կատարմամբ քաղաքային բեմահարթակի վրա ալիքվեց «Հայկական պար»-ը:
Շրջանավարտներին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշելով.
«Սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, աշխատակիցներ, ծնողներ, իջևանցիներ, հյուրեր, մեծ է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներդրումը տարածաշրջանի գիտական, մշակութային և հասարակական կյանքի կազմակերպման գործում: Զգալի է մասնաճյուղի ներկայությունը մարզում և հանրապետությունում, որովհետև նրա շրջանավարտները ևս ստացել են այն անհրաժեշտ գիտելիքները, ունեն պրակտիկ մասնագիտական որակավորումներին համապատասխան այն որակները, որոնցով պատրաստ են մրցակցելու այսօրվա տնտեսության, կրթության, քաղաքականության և մշակույթի ասպարեզներում:
Շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում, որ դուք շարունակեք բարձր պահել ԵՊՀ-ի բարձր անունը, որը դուք կրելու եք հետագայում: Մենք ձեզ ընդամենը սովորեցրել ենք սովորել և կցանկանանք, որ դուք ամբողջ կյանքի ընթացքում շարունակեք ինքնազարգանալ և հիշել, որ ձեր հարազատ օջախը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն է, որտեղ ձեզ միշտ ուրախ են դիմավորելու, խորհուրդներ տալու և, ինչու չէ, նաև խորհուրդներ ու առաջարկություններ ստանալու: Շնորհակալություն»:
«Հայաստան» երգով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանը:
Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
Նախ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին պարոն Ցուցուլյանը հանձնեց կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները տրվեցին շրջանավարտներին:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2018թ. շրջանավարտ, Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:
Մասնաճյուղի շրջանավարտներին իրենց երաժշտական ու պարային կատարումներով շնորհավորեցին՝
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. շրջանավարտներին նվիրված համաքաղաքային միջոցառումը բարձր մակարդակով վարեցին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Սիմոնյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլետի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Առաքելյանը:
Տոնական օրը եզրափակվեց Տավուշի գողտրիկ բնության գրկում՝ Ենոքավանի «Ապագա տուր» հյուրանոցային համալիրի տարածքում կազմակերպված երաժշտական-պարային երեկույթով: