Աննա Աղաջանի Սարգսյանը «Հոգեբանություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա նախորդ և այս կիսամյակի անվանական կրթաթոշակառու։ Որպես հոգեբան՝ Աննան համոզված է, որ ռազմավարական նպատակադրումներ անում ու հեռատես որոշումներ կայացնում է ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակությունը։ Հոգեբանական աջակցությունը մեծ ազդեցություն ունի անհատների և խմբերի վրա՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը։

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալու որակյալ կրթություն՝ հիմնված ԵՊՀ-ի երկարամյա ավանդույթների, նորարարական մեթոդների, կարգերի ու նորմերի վրա։ Մասնաճյուղի կրթական համակարգը լիովին համապատասխանում է Մայր բուհի կրթական չափանիշներին։

ԵՊՀ ԻՄ-ը մարզում կարևոր դեր է խաղում՝ երիտասարդներին ապահովելով որակյալ կրթությամբ իրենց բնակավայրում։ Սա խնայում է ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ, խթանում տեղի ռեսուրսի զարգացումը և նպաստում մասնագետների պատրաստմանը: Բուհը տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր։

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

-Դեռ 9 տարեկան էի, չեմ էլ կարող հիշել, թե որ ֆիլմից, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչ հիացմունքով էի նայում հեգեբանի կերպարը կերտող դերասանուհուն․ իննամյա դեռահաս Աննան սկսեց սիրել մի մասնագիտություն, որի գոյության մասին երբեք չէր լսել ու նույնիսկ պատկերացում չուներ, որ մի օր մեծանալու է և դառնալու այդ կերպարի մարմնացումը։ 

Մինչև ընդունելության քննությունները մի քանի անգամ փոխել եմ ապագայի մասնագիտությունս՝ հնէաբանից մինչև լրագրող, բայց իննամյա Աննայի սերն անծանոթ մասնագիտության հանդեպ հաղթեց։ Ինձ համար կարևորն այն էր, որ ես բավականին շուտ հասկանում ու գիտակցում էի՝ ինչն է ինձ հոգեհարազատ, ինչը՝ ոչ։ Այսօր էլ դա իմ ուժեղ կողմերից մեկն է, որի վրա միշտ հենվում եմ ցանկացած իրավիճակոււմ։ 

Փոքրիկ Աննան չգիտեր, թե ինչով է հոգեբանը հոգեթերապևտից տարբերվում, իսկ այսօր ունի հստակ նպատակ հենց թերապիայով զբաղվելու։ 

Այժմ արդեն ունեմ երկրորդ նպատակը․ կրթությունս շարունակելուց հետո վերադառնալ և դասախոսել այն բուհում, որտեղ ստացել եմ հոգեբանական հիմնարար գիտելիքներս։

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

-ԵՊՀ ԻՄ-ում ուսումնառությունը ոչ միայն գիտելիքների ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ նոր կապեր հաստատելու, աշխատելու թիմային միջավայրում և սովորելու լուծել բարդ խնդիրներ: Այդ հնարավորությունը տվել են մեր լավագույն դասախոսները, որոնց գիտելիքներից կարելի է անսպառ օգտվել։ 

Յուրօրինակ կրթական մեթոդով սովորել եմ իմ շատ սիրելի դասախոս ընկեր Պողոսյանի դասերին՝ գեղարվեստական գրքերը վերլուծել հոգեբանական տեսանկյունից։ Չկա ավելի հաճելի զգացում, քան ապրումակցել ստեղծագործության հերոսին, զգալ նրա ապրումներն ու հույզերը, արժևորել ու հարգել հոգեվիճակը։ Բուհը մեծապես նպաստել է իմ ինքնաճանաչմանը․ հենց սկսում ես ճանաչել քեզ, ճանաչում ես քեզ շրջապատող աշխարհը։ 

Բուհը փորձառություն է, որն օգնում է հստակեցնել մասնագիտական ուղին և պատրաստվել աշխատանքի շուկայում դիրքավորվելուն։ Բակալավրում ձեռք բերված գիտելիքի վրա հիմնվելով՝ հնարավոր է դիմակայել ժամանակի մարտահրավերներին, իսկ շարունակական ուսուցումն ու զարգացումն ապագայի գրավականն են։

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

-Մեր դասախոսները միշտ հնարավորություն են տվել արտահայտվելու (նույնիսկ ամենաանհեթեթ թվացող մտքերի մասին), իրենք էլ ուշադիր լսել ու ընկալել են մեր ասածը՝ առանց գնահատողական վերաբերմունքի, որը շատ կարևոր է:

Առաջին և երկրորդ կուրսում ակտիվորեն մանսակցել եմ ՈՒԽ և ՈՒԳԸ աշխատանքներին, որոնցում ներգրավվելը ևս հմտությունների զարգագման հնարավորություն է։ Արցախցիների բռնի տեղահանման ժամանակ մեր համալսարանը ու տեղի հասարակական կազմակերպությունները ևս նախաձեռնել են կամավորական աշխատանքներ, ու այդ գործընթացներում դարձել եմ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության ակտիվ կամավոր, հետագայում նաև աշխատակից։ Հմտություններիս մեծ մասը ձևավորվել է կամավորության ու աշխատանքի ընթացքում։

Բուհում մեծագույն ձեռքբերումս փոխհարաբերություններն են՝ կուրսընկերուհիս, ում հետ օր օրի բացահայտում եմ ինձ, դասախոսները, ովքեր օգնում են կայանալ ոլորտում։ Համալսարանական կյանքը սովորեցնում է հաղթահարել դժվարություններն ու ստեղծել հիշողություններ, որոնք ողջ կյանքի համար կողմնացույցի դեր են կատարում։

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

-Որպես հոգեբան՝ ես համոզված եմ, որ ռազմավարական նպատակադրումներ անում ու հեռատես որոշումներ կայացնում է ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակությունը։

Հոգեբանական աջակցությունը մեծ ազդեցություն ունի անհատների և խմբերի վրա՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը: Մեր հասարակությունում հոգեբանական ծառայությունների պահանջարկը գնալով աճում է, ինչը պայմանավորված է նաև վերջին իրադարձություններով՝ պատերազմներ, երկրաշարժեր, որոնց հետաևանքով մեծ է աշխատանքի բացը կորստի, վշտի հետ աշխատանքում, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, տագնապային գրոհների և մի շարք այլ խնդրահարույց ոլորտներում։ 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին դպրոցներում կրթության հնարավորություն տալը նպաստում է առողջ ու անհատականացված կրթական համակարգ ձևավորելուն։

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ինձ և մյուս ուսանողներին շատ բան է տվել և շարունակում է տալ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան բարձրորակ կրթություն, մասնակցություն գիտական հետազոտություններին, սեմինարներին և գիտաժողովներին, ուսման ընթացքում փորձառություն ոլորտային կառույցներում՝ ձևավորելով ծանոթությունների լայն շրջանակ, հետաքրքիր, հիշարժան ու բովանդակալից օրերի համար տարբեր ուսանողական կառույցներում ներգրավվելու հնարավորություն։ ԵՊՀ ԻՄ-ն աջակցություն է ցուցաբերում ուսման վճարի հարցում՝ կրթաթոշակների, զեղչերի, դրամաշնորհային ծրագրերի միջոցով:

Опубликовать материал
©2025 Все права защищены.