ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով ս.թ. փետրվարի 28-ին մասնաճյուղում հյուրընկալվել էր Ճապոնիայի Կիոտո Սանգյո համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի եվրոպական լեզուների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Կիտաջո Միտսուչին:

Հրավիրյալ պրոֆեսորի այցի նպատակն էր ծանոթացնել Ճապոնիայի կրթական համակարգի առանձնահատկություններին, ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին, մասնակցել դասապրոցեսին և դասախոսություններ վարել:

Պրոֆեսոր Միտսուչի Կիտաջոն 2021 թվականին մասնակցել էր ԵՊՀ ԻՄ-ում կայացած «Հայացք կրթությանը և դաստիարակությանը Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Հայաստանում. միջմշակութային ասպեկտ» թեմայով միջազգային առցանց նախագծին: Սա նրա երկրորդ մասնակցությունն է, որի ընթացքում նա տեղում՝ ԵՊՀ ԻՄ-ում, անմիջական շփում ունեցավ բուհի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, ծանոթացավ մասնաճյուղի կառուցվածքին:

ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսոր Միտսուչի Կիտաջոյի կողմից անցկացվեցին «Современный русский язык сегодня» և «Простое предложение. Стереотипы. Клише» թեմաներով դասախոսություններ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները ցուցադրեցին իրենց հետազոտական ​​նախագծերը և պատասխանեցին պրոֆեսոր Կիտաջոյի հարցերին:

ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի հետ քննարկվեցին ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման խնդիրներին, մեթոդների կատարելագործմանը և միջմշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Պատվավոր հյուրին ողջունեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը, տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը: Տնօրենը պրոֆեսոր Կիտաջո Միտսուչիին հանձնեց շնորհակալագիր՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Կիոտո Սանգյո համալսարանի միջև արդյունավետ համագործակցության, թեմատիկ դասախոսությունների անցկացման, Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության համար և հետագա սերտ փոխգործակցության հույս հայտնեց: 

Հանդիպումն անցավ ընկերական և արդյունավետ մթնոլորտում։ Երկու համալսարաններն էլ շահագրգռված էին համագործակցելու, հետագայում ևս փորձի փոխանակման համատեղ նախագծեր մշակելու հարցում, որոնք կարող են օգտագործվել հայ-ճապոնական ակադեմիական համագործակցության հետագա զարգացման համար:

Այցի վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից արտասահմանցի հյուրի համար կազմակերպվեց այց-էքսկուրսիա հայկական ճարտարապետության գլուխգործոցներ Հաղարծնի և Գոշի միջնադարյան վանական համալիրներ:

ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը, ամփոփելով պրոֆեսոր Կիտաջո Միտսուչիի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցի արդյունքները, նշեց, որ այն հնարավորություն տվեց ճապոնացի և հայ դասախոսների միջև իրականացնել փորձի փոխանակում, մշակել երկկողմ համագործակցության որոշակի ձևեր և ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել Ճապոնիայի նկատմամբ: Նա նաև հույս հայտնեց, որ հայ-ճապոնական համագործակցության ծրագիրը կշարունակվի:

Опубликовать материал
©2025 Все права защищены.